Մատչելիության հղումներ

Պուտինի արտաքին քաղաքականության նկատմամբ վստահությունը Ռուսաստանում նվազել է


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանում հասարակական կարծիքի հետազոտություններ անցկացնող «Լևադա-Կենտրոնի» վերջին հարցախույզի արդյունքների համաձայն, նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականությանը հավանություն տվող ռուսաստանցիների թիվը 6 տոկոսով նվազել է:

Մարդիկ ավելի մեծ ուշադրություն են հատկացնում սոցիալական հարցերին:

2016 թվականի մարտին ռուսաստանցիների 22 տոկոսը հավանություն էր տվել նախագահի արտաքին քաղաքականությանը և այն անվանել նրա աշխատանքի առավել հաջողված ուղղությունը: Այս տարվա հուլիսին նման կարծիք է հայտնել հարցվածների 16 տոկոսը:

Ռուսաստանցիների 17 տոկոսի կարծիքով՝ Պուտինն արտաքին ասպարեզում պաշտպանում է երկրի պետական շահերը: Դա էլ 8 տոկոսով քիչ է 2016-ի հարցման արդյունքների համեմատությամբ:

«Լևադա-Կենտրոնը» նշում է, որ էապես աճել է Պուտինին «փորձառու քաղաքական գործիչ» համարողների թիվը, որը 2016 թվականին գրանցված 33 տոկոսից այս տարի հասել է 49 տոկոսի:

Նախագահին բնորոշ դրական գործոններից հարցվածների 30 տոկոսը նշել է «եռանդն ու վճռականությունը»:

Ռուսաստանցիների 22 տոկոսը Պուտինին համարում է «հեռատես քաղաքական գործիչ»:

Հարցվածների 17 տոկոսի համոզմամբ՝ նախագահը կապ ունի խոշոր բիզնեսի հետ:

«Ինչո՞վ Պուտինը ձեզ դուր չի գալիս» հարցին «Լևադա-Կենտրոնի» զրուցակիցների 16 տոկոսն արձագանքել է, թե «նախագահի համար օտար են ժողովրդի շահերը», իսկ 14 տոկոսը՝ որ «նախագահը կապ ունի կոռումպացված քաղաքական գործիչների հետ»:

«Լևադա-Կենտրոնի» վերլուծաբան Դենիս Վոլկովի կարծիքով՝ մարդկանց հոգնածությունն արտաքին քաղաքականությունից ավելացել է:

«Վերջին հարցումների ընթացքում մարդիկ նշում են, որ բավ է օգնել ուրիշներին, փողը տրամադրել օտար երկրներին, որ պետք է այդ միջոցները ծախսել երկրի ներսում», - ասել է Վոլկովը:

Նրա փոխանցմամբ, մարդու իրական եկամուտը նվազել է, հանրությունն էլ բացասական է գնահատել կենսաթոշակային համակարգը փոխելու գործադիրի նախաձեռնությունը, նման պայմաններում արտաքին քաղաքականությունը սկսել է նյարդայնացնել հանրությանը:

«Երբ արտաքին քաղաքականությունը խոչընդոտում է սոցիալական խնդիրների իրականացումը, ինչն է՛լ ավելի է նկատվում կենսաթոշակային համակարգի բարեփոխման հանդեպ վերաբերմունքից, մարդկիկ պահանջում են նվազեցնել ռազմական գործողությունները և ավելի շատ ծախսել ներքին խնդիրները լուծելու համար», - ասել է Քարնեգի վերլուծական կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Կոլեսնիկովը:

«Լևադա-Կենտրոնի» վերլուծաբան Վոլկովը նշում է, որ վերջին հարցման արդյունքը բնավ չի վկայում Պուտինի վարկանիշի ընդհանուր անկման մասին:

Հայրենասիրության և Պուտինի քայլերին հավանություն տալու գագաթնակետը գրանցվել է 2014-16 թվականներին, ինչը պայմանավորված էր Ղրիմի գործոնով, իսկ հիմա այդ համազգային վերելքը կանգ է առել և սկսվել է բնական հետընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG