Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ պաշտպանության նախարարության մատակարարումների ոլորտում առանձնապես խոշոր չափերով յուրացման փաստերով:
ԱԱԾ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ գործը հարուցվել է ՀՀ վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա:
«Քրեական գործով պարզված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող շուրջ 10 առևտրային ընկերություններ 2009-2017 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան տաս միլիարդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ և սպառազինություն, սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների, մատակարարումներն առ այսօր չեն իրականացրել, կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:
Պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը հաշվարկելու համար նշանակվելու են համապատասխան ստուգումներ և փորձաքննություններ: