Մատչելիության հղումներ

ԼՂ Ուղտասար գյուղում ընտանիքներով հաստատված ազատամարտիկները պետական աջակցություն չեն տեսնում


Ուղտասար, Լեռնային Ղարաբաղ, հուլիս, 2018 թ․

Նախկին հրամանատար Արարատ Սարգսյանը վերաբնակիչ բառը չի սիրում։ Ասում է՝ դեռ 90-ականներից է Լեռնային Ղարաբաղում ու պատերազմին մասնակցելուց հետո որոշեց հենց «ազատագրված հողերում ապրել»։ Ուղտասար բերեց նաև իր զինակից ընկերներից շատերին։

«Դիմացի սարի դոշին էինք, վերևից հորիզոնը շատ լավ երևում էր, ասեցի՝ տղերք, ուշադիր նայեք էս տարածքին, ես կոնկրետ որոշում եմ՝ եթե սաղ մնամ, մեծ հաճույքով կգամ ստեղ ապրելու»,- պատմում է Արարատ Սարգսյանը:

2000 թվականին այստեղ առաջին 10 տները կառուցվեցին։ Գյուղացիների խոսքով, սակայն, դրանց մի մասն արդեն քանդվում է, քանի որ ժամանակին լավ չեն կառուցվել։ Ստիպված են սեփական միջոցներով նորոգել: «Քարի վրա պոլ են հավաքել, ո՞ր հարսը կգա կմնա ստեղ»,- ասում են գյուղացիները:

Նրանց խոսքով՝ թեև տունն իրենց տրամադրել են, սակայն Ուղտասար գալով՝ ամեն ինչ, ըստ էության, ստիպված էին զրոյից սկսել։ Նոր ծառեր են տնկել, ջրատար են կառուցել։ Ու թեև հորեր կառուցելու համար «Հայաստան Համահայկական հիմնադրամի» միջոցներից էլ է հատկացում արվել, սակայն խնդիրն արդպես էլ չի լուծվել։ Գյուղացիների խոսքով՝ այստեղ «մենաշնորհ է գործում»։ «Եթե էս ազատագրված տարածքներում ժողովրդին ջուր չտան, ապրուստ չկա, կյանք չկա: Խոշորները ջուրը տանում են իրանց, մենք մնում ենք փշալարերին»,- դժգոհում է տեղի բնակիչներից մեկը:

Գյուղացիները նամակով Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին էլ են դիմել։ Այժմ պատասխանի են սպասում․ «Արտասահմանի հայ համայնքից հավաքեցին փողեր՝ Արցախում արտեզյան ջրեր հանելու համար, ահագին էլ գումար: Մինչև էսօր ոչ մի բան: Նեմեց Ռուբոն, Հայրապետյան, 40 հեկտար հող ունի, որը մեր հողի տարածքում չի եղել: Էս տարի վերեևներից դասավորել են, մտցրել են մեր գյուղի տարածք ու էնտեղ խփել են արտեզյան հոր: Ու հիմա ասում են՝ Ուղտասարի տարածքում երկու հատ արտեզյան հոր են խփել: Դե արեք ման գանք գտնենք, թե որ մի գյուղացու համար ա դա աշխատում»,- ասում է մի ուղատասարցի:

Բնակիչներից Մուրադ Մարգարյանն էլ ասում է՝ Ուղտասարում արտոնություններից օգտվում են միայն նրանք, ովքեր գյուղապետի մտերիմներն են ու ընդդիմադիր հայացքներով աչքի չեն ընկնում։ Պատմում է՝ մինչև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ցանկանում էր տունը հանձնել և Ուղտասարից հեռանալ։ Հիմա հույս ունի, թե ընդամենը 300 բնակիչ ունեցող այս փոքրիկ գյուղում էլ դրական փոփոխություններ տեղի կունենան։

Ղարաբաղյան պատերազմի՝ Ուղտասարում հաստատված մասնակիցներն ասում են՝ հիասթափված են, քանի որ հիմա պետությունը կարծես թե իրենց կարիքը չունի․ «Կռիվ էր, երկիրը տվեցին, ասեցին տիրություն արեք, կռիվը պրծավ, ասին՝ դե դուք գնացեք մի կողմ, մենք մեր գործը կանենք»:

Երիտասարդներն ավելի լավատես են։ Սամվելը Հրազդանից է ընտանիքի հետ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել։ Շուտով բանակ պետք է գնա։ Հետո էլ վերադառնալու է արդեն հարազատ դարձած Ուղտասար։ Ասում է՝ չնայած դժվարություններին, այստեղ ապրելու ու նորը ստեղծելու հնարավորությունները մեծ են․ «Սա գյուղերի մայրաքաղաքն ա, կարելի է ասել»:

«Ազատությանը» չհաջողվեց զրուցել Ուղտասարի գյուղապետի հետ, մեր այցելության պահին նա գյուղում չէր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG