Ինդոնեզիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 131-ի: Ավելի քան 1400 վիրավորներ կան, իսկ շուրջ 150 հազար մարդ մնացել է անօթևան: Այս մասին հաղորդում է France-Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների այսօր հրապարակած տվյալները:
Անցած կիրակի օրը Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում 6.9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տներ ու շինություններ են փլուզվել, խափանվել է էլեկտրամատակարարումը: Վնասված ճանապարհների ու քանդված կամուրջների պատճառով փրկարարները մինչև հիմա չեն կարողանում երկրաշարժից տուժած որոշ շրջաններ հասնել:
Երկուշաբթի օրը հաղորդվել էր երկրաշարժի հետևանքով 91 զոհվածների և հարյուրավոր վիրավորների մասին:
Լոմբոկ կղզին արտասահմանցի շատ զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկն է:
Երկրաշարժը զգացվել է նաև հարևան Բալի կղզում: