Մատչելիության հղումներ

Ամերիկացի միլիարդատերը դառնում է «Արսենալ»-ի միակ սեփականատերը


«Արսենալ»-ի ֆուտբոլիստները տոնում են ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչ խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասի գրավումը, Լոնդոն, 5-ը ապրիլի, 2018թ․
«Արսենալ»-ի ֆուտբոլիստները տոնում են ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչ խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասի գրավումը, Լոնդոն, 5-ը ապրիլի, 2018թ․

Ամերիկացի միլիարդատեր Սթեն Քրոունքին դառնում է Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի միակ սեփականատերը: Մինչ այդ, Քրոունքիին են արդեն պատկանում «Դենվեր Նագեթս» բասկետբոլային ակումբը և «Լոս Անջելես Ռամս» ամերիկյան ֆուտբոլային թիմը: 2007 թվականից նա զուգահեռաբար մեծացրել է «Արսենալ»-ի իր բաժնեմասը՝ հասցնելով 67 տոկոսի: Financial Times-ի տվյալներով՝ ռուսաստանցի օլիգարխ Ալիշեր Ուսմանովը ի վերջո որոշել է վաճառել իր բաժնեմասը, որը կազմում է ընդհանուրի 30 տոկոսը:

Այս գործարքը, ինչպես նշում է մամուլը, պետք է վերջ դնի «Արսենալ»-ի բաժնետոմսերի շուրջ տարիներ շարունակվող վեճին: Ուզբեկական ծագմամբ ռուսաստանցի մեծահարուստ Ալիշեր Ուսմանովը, ով համարվում է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչներից մեկը՝ ավելի քան 14 միլիարդ դոլար կարողությամբ, առաջին անգամ «Արսենալ»-ի բաժնետոմս է ձեռք բերել 2007 թվականին: Սակայն ավելի քան տասը տարվա ընթացքում նրան այդպես էլ չի հաջողվել մաս կազմել տնօրենների խորհրդին: Գործարարը բազմիցս քննադատել է լոնդոնյան ակումբի ֆինանսական քաղաքականությունը՝ պնդելով, որ թիմում արվող ներդրումները բավարար չեն:

Չնայած «Արսենալ»-ը համարվում է առաջատար ակումբ, այդուհանդերձ, վերջին տարիներին թիմը ընդամենը երեք անգամ է հաղթել Անգլիայի առաջնությունում, իսկ եվրոպական ակումբային մրցաշարերում հիմնականում անհաջող էր հանդես գալիս:

Անցած մրցաշրջանը նույնպես հաջող չէր «Արսենալ»-ի համար, որտեղ խաղում է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Զինագործներին» կրկին չհաջողվեց վերադառնալ համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ակումբային մրցաշար:

Ինչպես նկատում են մարզական մեկնաբանները, Սթեն Քրոունքին «Արսենալ»-ի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերում ակումբի համար շրջադարձային ժամանակահատվածում: Այս տարվա ապրիլին 68-ամյա Արսեն Վենգերը լքեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, որը զբաղեցրել է 22 տարի անընդմեջ: Նրան փոխարինելու եկավ իսպանացի Ունայ Էմերին, ումից թիմի սեփականատերն ու երկրպագուները բեկումնային արդյունքներ են ակնկալում, ինչպիսիք, օրինակ, ապահովեց Յուրգեն Կլոպը «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:

Ռուսաստանցի գործարարների բրիտանական ակտիվները ուշադրության կենտրոնում հայտնվեցին գարնանը, երբ բրիտանական խորհրդարանը հրապարակեց ռուսական «կեղտոտ փողերի» մասին զեկույցը: Միացյալ Թագավորության իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են ակտիվացնել փողերի լվացման դեմ պայքարը և ուժեղացնել վերահսկողությունը Կրեմլի հետ կապեր ունեցող ընկերությունների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG