Մատչելիության հղումներ

Վերին Լարսում ստեղծված վիճակը կարող է պահպանվել մինչև օգոստոսի վերջը․ Նախարարի խորհրդական


Վերին Լարսի անցակետում, արխիվ
Վերին Լարսի անցակետում, արխիվ

Վերին Լարս անցակետից Երևան վերադարձող հայաստանյան պատվիրակության ներկայացուցչի խոսքով՝ ռուս-վրացական սահմանին ավտոմեքենաների կուտակումների պատճառը Վրաստան մեկնող զբոսաշրջիկների մեծ թիվն է, և թե՛ ռուս, թե՛ վրացի սահմանապահներն ու մաքսավորները անում են առավելագույնը՝ կուտակումներին հնարավորինս շուտ վերջ տալու համար: Սակայն այդ իրավիճակը կարող է պահպանվել մինչև օգոստոսի վերջը:

Այսօր այս մասին «Ազատությանը» հեռախոսով հայտնեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Արթուր Առաքելյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ նախարար Աշոտ Հակոբյանը երեկ մեկնել էր Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով, Առաքելյանը ուղեկցում է նրան:

Ըստ Առաքելյանի՝ անցած տարվա օգոստոսի սկզբի համեմատ՝ այս տարվա օգոստոսի առաջին օրերին Վերին Լարսով Վրաստան մեկնող մարդկանց թիվն աճել է շուրջ 30 տոկոսով: «Ազատության» հարցին՝ արդյո՞ք ռուս կամ վրացի սահմանապահների կողմից հայաստանյան վարորդների նկատմամբ խտրական վերաբերմունք նկատվել է, ՏԿՏՏ նախարարի խորհրդական Արթուր Առաքելյանն այսպես արձագանքեց. «Դա նույնիսկ տեխնիկապես հնարավոր չէ, որ տարանջատեն կամ խտրական վերաբերմունք ցուցաբերեն հայերի նկատմամբ, որովհետև մի հերթ է, ու բոլորը շարված գնում են։ Ամբողջ հոսքի առավելագույնը 15 տոկոսն է հայկական»։ Խորհրդականի ներկայացմամբ՝ թե՛ ռուսական, թե՛ վրացական կողմերն անցել են արտակարգ ռեժիմի աշխատանքի, յուրաքանչյուր ուղղությամբ շուրջօրյա գործում է 18 անցակետ:

Արդեն մի քանի օր է ռուս-վրացական սահմանին՝ Վերին Լարս անցակետում խցանումներ են: Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են, որ ավտոմեքենաներով տեղափոխվող սննդամթերքը փչանում է՝ հսկայական վնասներ հասցնելով ընկերություններին: Հատկապես մտահոգիչ է դեպի Ռուսաստան մեկնող բեռանտարաների վիճակը, որոնք հայաստանյան միրգը տեղափոխում են ռուսական շուկա:

Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանն այսօր «Ազատությանն» ասաց, որ իրենց բեռնատարներն արդեն 4-5 օր սպասում են անցակետում: «Մեքենաները 4-5 օր սպասում են, մեջի ապրանքն էլ փչանում է։ Նման վիճակ երբևէ չի եղել։ Հիմնականում վրացական կողմը պետք խնդիրները լուծելու վրա աշխատի, քանի որ ավելի շատ խնդիրներ առաջանում են հենց վրացական կողմից, քանի որ այնտեղ շինարարական աշխատնքներ են տեղի ունենում, և դա ավելի է բարդացնում վիճակը»,- «Ազատությանն» ասաց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG