Մատչելիության հղումներ

Լարսում դարձյալ մեքենաների մեծ հերթեր են գոյացել․ ըստ փոխնախարարի՝ պատճառը Վրաստան մեկնող զբոսաշրջիկների մեծ թիվն է


Հայաստանյան մեքենաների կուտակումներ Վերին Լարսի անցակետում, արխիվ

Փամբուխչյանը պնդմամբ՝ սա զուտ տեխնիկական խնդիր է, և պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնել է Վերին Լարս, քանի որ հեթրական անգամ խնդիրներ են առաջացել սահմանային անցակետում, ինչի հետևանքով հայաստանյան ավտոմեքենաների մեծ հերթեր են գոյացել ինչպես ռուսական, այնպես էլ վրացական հատվածներում:

Այս մասին մասին հաղորդում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը՝ խոստանալով օրվա ավարտին անցակետի լուսանկարներ հրապարակել:

Երեկ երեկոյան ՏԿՏՏ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուքում» գրել էր․ «Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական»: «Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար․ այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու: Ռուսական կողմը յոթ գիծ թողունակություն է ապահովում»:

Իսկ այսօր առավոտյան Փամբուխչյանը գրել է, որ որոշակի դրական փոփոխություն կա Լարսի անցակետում՝ ռուսական հատվածում հերթը նվազել է: Փոխնախարարը հորդորում էր վարորդներին՝ խուսափել այդ ճանապարհով Հայաստան ժամանելու տարբերակից:

Այսօր «Ազատության» հետ զրույցում ՏԿՏՏ փոխնախարարն ասաց, որ խնդիրը կապված է Վրաստան մեկնող ռուս զբոսաշրջիկների թվի կտրուկ աճի հետ: «Շատ դանդաղ, բայց որոշակի շարժեր կան, բայց դեռ չենք կարող դա արձանագրել, որպես դրական, որովհետև հերթը փաստացի կանգնած է: Հիմնական պատճառը ՌԴ քաղաքացիներ հանդիսացող տուրիստներն են, որոնք մեկնում են Վրաստան՝ հանգստանալու նպատակով: Ամբողջ հերթի մեջ 25-ից 30 տոկոսն են միայն կազմում ՀՀ քաղաքացիները»,- ասաց Փամբուխչյանը:

Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերության առնվազն 100 մեքենաներ խցանման մեջ են հայտնվել: Հիմնականում թարմ միրգ-բանջարեղեն փոխադրող ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ բավական լարված վիճակ է հատկապես դեպի Ռուսասատն տանող հատվածում: Ընկերությունն այս պահին մեծ ծավալի դեղձ է տեփախոփում:

«Մեքենաներ կան, որ արդեն 4-5 օր սպասում են հերթում, որ կարողանան անցնել: Կոնկրետ պատճառ չեմ տեսնում, ուղղակի դանդաղ են աշխատում: Դա կապված չէ բեռների ստուգման ընթացակարգի փոփոխության կամ մաքսային մնացած ձևակերպումների հետ: Ընդամենն աշխատանքի տեմպի ու ծավալի հետ է կապված»,- ասաց Կարեն Բաղդասարյանը, հավելելով՝ անգամ մեկ օր ավել սպասելու դեպքում տեղափոխվող մրգի որակն ընկնում է, ինչը հետագայում իրացման հետ կապված խնդիրներ է առաջացնում:

Ավելի փոքր ծավալով բեռնափոխադրումներ իրականացնող «Կարգո» ընկերության տնօրեն Արթուր Հաբեշյանն էլ «Ազատությանն» ասաց, որ այս պահին միայն 1 մեկնող և 1 ժամանող մեքենա ունեն Լարսի սահմանակետում: «Մենք մի քիչ խուսափում ենք այս սեզոնին փչացող ապրանք տեղափոխել, հաշվի առնելով էս պրոբլեմը»,- ասաց Հաբեշյանը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի գնահատմամբ՝ լարված վիճակը Լարսում դեռ մի քանի օր էլ կշարունակվի: «Ազատության» հարցին՝ նախարարի այցը Լարս որքանո՞վ կարող է նպաստել խնդրի լուծմանը, ՏԿՏՏ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը պատասխանեց՝ գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունենալու ռուսական և վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Փոխնախարարից տեղեկացանք նաև, որ վրացի գործընկերների հետ, այսպես ասած, «ջենտլմենական պայմանավորվածություն» է ձեռք բերվել, որպեսզի արագ փչացող ապրանքներով բեռնված հայկական մեքենաներին սահմանը հատելու առաջնահերթություն տրվի: Փոխնախարար Փամբուխչյանի պնդմամբ, սա զուտ տեխնիկական խնդիր է, և պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG