Մատչելիության հղումներ

ՊՆ գնումների համակարգում առկա են կոռուպցիոն ռիսկեր․ Փորձագետ


ՀՀ ՊՆ վարչական շենքը, արխիվ
ՀՀ ՊՆ վարչական շենքը, արխիվ

Պաշտպանության նախարարության գնումների համակարգում կա մրցակցության պակաս, և առկա են կոռուպցիոն ռիսկեր, պնդում է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» նախագահ Արտակ Մանուկյանը։

Ուսումնասիրելով ռազմական գերատեսչության կողմից 2017-ին և 2018-ի առաջին կիսամյակի ընթացքում կատարված գնումները, մասնագետն արձանագրել է՝ թանկարժեք պայմանագրերը հիմնականում բաժին են հասնել 10 ընկերության։ Բնական մենաշնորհներ ունեցողներից բացի, ինչպիսիք են ՀԷՑ-ը և «Գազպրոմ Ամենիան», որոնց պարագայում մշտական գնումների հանգամանքը հասկանալի է, ևս 10 ընկերություններ արդեն տարիներ շարունակ ստանում են նախարարության գնումների ընդհանուր ծավալի 40 տոկոսից ավելին։

«Եթե ուումնասիրենք 2016-ը, 2015-ը, գրեթե նույն պատկերն է, որևէ էական փոփոխություն չկա ֆիրմաների և դրանց բաշխվածության առումով: Պետք է սրանից ենթադրել, որ պաշտպանության նախարարության գնումներն ունեն բավականաչափ կենտրոնացված բնույթ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ նմանատիպ գնումները, մասնավորապես, առնչվում են վառելիք մատակարարող «Ֆլեշին», սննդամթերք մատակարարող «Էլիթ Կապիտալին», քսայուղերի ներմուծմամբ զբաղվող «Մոսեսքոյին», ավոտպահեստամասերի ոլորտում աշխատող «ԱրպԱնիվին», մի շարք ծառայություններ մատուցող «Ավանգարդին» և այլն:

Մասնագետը նաև արձանագրեց՝ այդ 10 ընկերություններից շատերը մասնակցում են միայն Պաշտպանության նախարարության կողմից հայտարարված գնումների մրցույթին, և ստացվում է, որ ռազմական կառույցը նրանց «հիմնական թիրախն է»: «Նայել ենք իրենց տարեկան գնումների պորտֆելում ի՞նչ մասնաբաժին է կազմում ՊՆ-ն, ու տեսնում ենք, որ գրեթե համատարած իրենք կախված են միայն ՊՆ-ի գնումներից: Կարող ենք ասել, որ իրենց հիմնական թիրախը ՊՆ-ի գնուներն են: Լավագույն ցուցանիշն այս առումով «Ֆլեշինն» է, որը բոլորին է վառելիք մատակարարում, և դրա համար պետք չէր զարմանալ: Բայց նայեք՝ «Էլիթ Կապիտալի» պորտֆելում 100 տոկոսով ՊՆ-ի գնումներն են, «Ավանգարդ»՝ 99 տոկոս, «Մոսեսքո»՝ 96 տոկոս, «ԱրպԱնիվ»՝ 89 տոկոս»,- ներկայացրեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» նախագահը:

Հասկանալու համար՝ արդյո՞ք այս փաստերը խոսում են կոռուպցիոն ռիսկերի մասին, Մանուկյանն իր զեկույցում անդրադարձել է նաև այդ ընկերությունների կողմից «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարված գումարներին։ Արդյունքում պարզվել է, որ, օրինակ՝ «Կ.Կ.Ֆ. ԹՐԵՅԴԻՆԳ» ընկերությունը, որը հանդերձանքի մատակարարման համար 189 միլիոն դրամի պայմանագիր է կնքել նախարարության հետ, ԶԱՀ-ում ընդամենը 1 գրանցված աշխատող ունի։ Եվ սա դեռ ամենը չէ՝ «79 ընկերություն, որոնց անվանումը ներկայացված է այդ հիմնադրամում, ունեն լրջագույն խնդիրներ»,- ասաց Մանուկյանը: Այդ տվյալները նա արդեն իսկ ներկայացրել է ՊԵԿ-ին՝ ուսումնասիրություն սկսելու համար։

Հիշեցնեմ՝ դեռ հունիսի կեսերին Պետական եկամուտների կոմիտեն քրեական գործ էր հարուցել 2014-2017 թվականների ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ և, ի թիվս մի շարք նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, հարցաքննության էր կանչվել նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Պետական եկամուտների կոմիտեից «Ազատությանն» այսօր փոխանցեցին, որ նախաքննությունը շարունակվում է, Օհանյանն էլ արդեն հարցաքննվել է։

Ինչ վերաբերում է Մանուկյանի զեկույցին, ապա գնումների ոլորտն ուսումնասիրող փորձագետն այսօր մեկ այլ փաստ մատնանշեց՝ հեղափոխությունից հետո, ըստ նրա, եղել են կազմակերպություններ, որոնք նվազեցրել են պայմանագրում նշված գինն ու այժմ ավելի մատչելի տարբերակով են բանակին մատակարարում այս կամ այն ապրանքը։ «Օրինակ նույն շաքարավազը՝ «Ալեքս հոլդինգը» 320 դրամով շաքարավազի պայմանագիր էր հաղթել, որով ենթադրվում էր, որ ինքը կյարող է մինչև տարվա վերջ 320 դրամով շարունակել մատակարարել: Բայց փոփոխություն է տեղի ունեցել և ինքնակամ 275 դրամ դարձավ, նույնը՝ ձեթը․․․»,- պատմեց փորձագետը:

Ավելի մատչելի գնով բանակին սկսել է մատակարարվել նաև ձեթը։ Իսկ ինչ վերաբերում է հացին, ապա, Մանուկյանի խոսքով՝ այստեղ խնդիր կա, քանի որ նույն քաշի, նույն որակի հացը մի ընկերություն վաճառում է 98 դրամով, մյուսը՝ 128-ով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG