Մատչելիության հղումներ

Վաշինգտոն-Անկարա դիվանագիտական ճգնաժամը սրընթաց խորանում է


Արխիվ
Արխիվ

Վաշինգտոնի և Անկարայի միջև անցած շաբաթվանից սկսված դիվանագիտական ճգնաժամը օր-օրի խորանում է, ինչի արդյունքում այսօր առավոտյան թուրքական լիրան հերթական անկումն է արձանագրել՝ հասնելով դոլարի նկատմամբ պատմության մեջ ամենացածր ցուցանիշին: Սա, ըստ էության, բորսաների արձագանքն է Վաշինգտոնից հնչող վերջին հայտարարություններին, ըստ որոնց՝ թուրքական ընկերություններն առաջիկայում կարող են կորցնել առանց մաքսատուրքերի ամերիկյան շուկա մտնելու արտոնությունը:

Ավելի վաղ, անցած շաբաթ, Սպիտակ տունը պատժամիջոցներ էր սահմանել երկու թուրք նախարարների նկատմամբ՝ սառեցնելով նրանց հաշիվներն ԱՄՆ տարածքում: Փորձագետները, սակայն, փաստում են՝ թուրք պաշտոնյաների դեմ պատժամիջոցներն ավելի շատ խորհրդանշական բնույթ ունեին, մինչդեռ թուրքական ապրանքները, այսպես կոչված՝ Duty free ռեժիմից ազատելը կարող է իսկապես ցավագին լինել Անկարայի համար: ԱՄՆ առևտրի գործակալության տվյալներով, անցած տարի միայն թուրքական ընկերություններն ավելի քան մեկուկես միլիարդ դոլարի ապրանք են ներմուծել Միացյալ Նահանգներ, և ներմուծվող ապրանքներն առաջիկայում կարող են հարկվել:

ՆԱՏՕ-ի շրջանակում երբեմնի ռազմավարական դաշնակիցները փոխադարձ մեղադրանքների ու պատժամիջոցների են անցել ամերիկացի հոգևորական էնդրյու Բրանսոնին Թուրքիայում ազատազրկելու պատճառով: Ամերիկյան կոմղը պնդում է, որ Անկարան որպես գերի է պահում Բրանսոնին, ով շուրջ քսան տարի Իզմիրում գտվող բողոքական եկեղեցին առաջնորդելուց հետո, երկու տարի առաջ, հայտնվել է թուրքական բանտում՝ ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներով: Եթե դրանք ապացուցվեն, 50-ամյա պաստորին սպառնում է 35 տարվա ազատազրկում:

Ընդ որում, թուրքական կողմն առայժմ ընկրկելու որևէ նշան ցույց չի տալիս: «Նրանք որ կարծում են, թե Թուրքիան ետ կկանգնի իր մոտեցումներից ոմանց սպառնալիքների կամ անհեթեթ որոշումների պատճառով, իրականում չգիտեն՝ ինչ ժողովրդի ու պետության հետ գործ ունեն»,- նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հավելելով՝ Էնդրյու Բրանսոնի հետ կապված որոշումները սազական չեն ռազմավարական դաշնակցին, և նման քայլեր ձեռնարկելով՝ Միացյալ Նահանգները խիստ անհարգալից վերաբերմունք է դրսևորում Թուրքիայի նկատմամբ:

Ավելի վաղ էրդողանը սպառնացել էր, թե ԱՄՆ-ն կարող է կորցնել Անկարայի նման վստահելի ու հավատարիմ դաշնակցի: Նախօրեին Էրդողանի վարչակազմը խոսքից գործի անցավ՝ հայելային պատժամիջոցներ սահմանելով ԱՄՆ-ի նկատմամբ: «Մենք սպասեցինք մինչև երեկ գիշեր․ այժմ ես կարգադրում եմ իմ գործընկերներին՝ սառեցնել Միացյալ Նահանգների ներքին գործերի ու արդարադատության նախարարների՝ Թուրքիայում ունեցած հաշիվներն ու կալանք դնել նրանց ունեցած սեփականության վրա»,- ասել է Էրդողանը:

Մինչ այդ, արևտյան լրատվամիջոցները որոշ մանրամասներ են հրապարակում Անկարայի և Վաշինգտոնի միջև այս հարցի շուրջ ամիսներ շարունակված գաղտնի բանակցություններից: Bloomberg գործակալությունը պնդում է, թե կողմերը շատ մոտ են եղել համաձայնությանը, և Անկարան իրականում պատրաստ է եղել ազատ արձակել Բրանսոնին, պայմանով, որ Վաշինգտոնը թույլ տա թուրքական պետական Halkbank -ի նախկին գործադիր տնօրեն Հաքան Աթիլլային ամերիկյան բանտից տեղափոխվել Թուրքիա և հայրենիքում կրել պատժի մնացած մասը: Վերջինս ամիսներ առաջ նյույորքյան դատարանում երկուսուկես տարվա արազրկման է դատապարտվել՝ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար:

Bloomberg -ի աղբյուրները նշել են, թե Վաշինգտոնը համաձայնել է այդ պահանջին, սակայն գործարքն ի վերջո չի կայացել, քանի որ Անկարան վերջին պահին առաջ է քաշել նոր նախապայմաններ: Ըստ այդմ՝ թուրքական կողմը պահանջել է, որ Վաշինգտոնը հետագայում որևէ քրեական հետապնդում չիրականացնի Halkbank-ի նկատմամբ: «Եթե դա հաջողվեր, Էրդողանը պարզերես կաներ պետական բանկը միջազգային ֆինանսական ինստիտուտների աչքում և իրապես հաղթող դուրս կգար բանակցություններից: Բայց դրա փոխարեն նա հայտնվեց Թրամփի ցասման թիրախում»,- DW-ին ասել է Նահանգներում գործող վերլուծական կենտրոններից մեկի փորձագետ Մերվե Թահիրօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG