ԱՄՆ Պետական դեպարտամենտը Վաշինգտոնում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոք է հայտնել «սոցիալական ցանցերի կիրառման միջոցով ԱՄՆ-ում բռնություն քարոզելու և հանրությանը պառակտելու» կապակցությամբ:
Ռուսաստանը քննադատել է գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչելու և նմանօրինակ բողոք հայտնելու Պետդեպարտամենտի որոշումը:
Ինչպես երեկ Թվիթերում գրել է ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակ Հիթեր Նաուերթը, պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Աարոն Ուես Միթչելը Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դմիտրի Ժիրնովին պաշտոնապես փոխանցել է, որ «Վաշինգտոնը չի հանդուրժի սոցիալական ցանցերի միջոցով Միացյալ Նահանգներում բռնության քարոզ տարածելու, պառակտումներ առաջացնելու և ագրեսիվ միջամտություն կատարելու Կրեմլի փորձերը»:
Այդ նախազգուշացումը կապված է Ֆեյսբուք ցանցի հրապարակած եզրակացության հետ, որի համաձայն՝ «բացահայտվել են նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ հմուտ և կատարելագործված մեթոդներով ԱՄՆ-ում քաղաքական զարգացումների վրա ազդելու՝ ենթադրաբար Ռուսաստանի կողմից կիրառվող փորձեր»:
Ֆեյսբուքը նշել է, թե չի կարող այդ փորձերն ուղիղ կապել Ռուսաստանի կամ միջանկյալ ընտրությունների հետ, սակայն սոցիալական ցանցի բարձրաստիճան ղեկավարների հետ քննարկումների արդյունքում օրենսդիրները հայտարարել են, թե «կիրառված մեթոդաբանությունը հստակ վկայում է ռուսների միջամտության մասին»: