Մատչելիության հղումներ

ԱՄՆ - Ռուսաստան հարաբերությունները հնարավոր է վերստին սրվեն


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթ, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթ, արխիվ

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դմիտրի Ժիրնովին կանչել են Պետքարտուղարություն՝ բացատրությունների համար: Վաշինգտոնը Մոսկվային հերթական անգամ մեղադրում է սոցիալական ցանցերի միջոցով ԱՄՆ ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիթեր Նաուերթը այդ մասին գրել է Թվիթերում՝ նշելով, որ պետքարտուղարի օգնական Աարոն Միթչելը բացատրություն է ակնկալում ռուսաստանցի դիվանագետից:

Նաուերթի փոխանցմամբ՝ Կրեմլը կեղծ օգտահաշիվների միջոցով Միացյալ Նահանգներում տարածում է կոշտ և ոչ հավաստի տեղեկություններ: Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը ընդգծել է նաև, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Ռուսաստանի նման ագրեսիվ միջամտությունը:

Ավելի վաղ Սպիտակ տունն էր հայտարարել, որ Ռուսաստանը, ինչպես և 2016 թվականի նախագահական ընտրություններին, այս անգամ էլ է փորձում միջամտել Միացյալ Նահանգներում կայանալիք ընտրական գործընթացին:

Երեկ Օհայո նահանգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ, իր հերթին, հայտարարել է, թե Չինաստանը, Ռուսաստանը և հավանաբար նաև Հյուսիսային Կորեան փորձում են միջամտել Միացյալ Նահանգների ներքին գործերին:

Ռուսաստանի արտգործնախարարությունը Պետդեպարտամենտի հայտարարությանը դեռ չի արձագանքել:

Հուլիսի 31-ին Facebook ընկերությունը հայտարարել էր, որ տասնյակ կեղծ օգտատերերի է հայտնաբերել, որոնք տարածում են վտանգավոր և կոնֆլիկտային տեղեկություններ: Facebook-ում չեն ասել, թե ովքեր են կանգնած այդ «ֆեյք» օգտատերերի հետևում, սակայն նշել են, որ նրանց գործելաոճը նման է որպես Պուտինի խոհարար հայտնի ռուսաստանցի գործարար Եվգենի Պրիգոժինի գործելակերպին:

Անցած շաբաթ ԱՄՆ Կոնգրես հակառուսական պատժամիջոցների հերթական օրինագիծն է ներկայացվել, որն առաջարկում է նոր պատժամիջոցներ ռուսաստանցի քաղաքական գործիչների և խոշոր գործարարների դեմ, ինչպես նաև կոշտ սահմանափակումներ Ռուսաստանի տնտեսության համար: Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի պետական պարտատոմսերի և էներգետիկ ոլորտում ներդրումների մասին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG