Մատչելիության հղումներ

Սահմանադրական իրավունքները և ազատությունները չեն կարող սահմանափակվել հրամանագրով. ՀՔԾ պետ


Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրուցել է 2008֊ի մարտի 1֊ի իրադարձությունների քննության գործում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր ներգրավման, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին հակադարձելու և մարտի 1֊ի գործի զարգացումների մասին։ Ստորև ներկայացնում ենք հատվածներ զրույցից։

ՀՔԾ պետի մեկնաբանությունը թիվ 0038 հրամանի վերաբերյալ

Սասուն Խաչատրյան. ֊ «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց և թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում և հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը». ֊ արդեն իսկ այս ձևակերպումը, որ պաշտպանության նախարարը իր հրամանում՝ ընդ որում հույժ գաղտնի հրամանում, այսպիսի ձևակերպումներ է տալիս քաղաքական գործընթացների վերաբերյալ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ բանակը փորձ է արվում ներգրավել քաղաքական գործընթացներում, ինչը Սահմանադրությամբ արգելվում է։

Այս ձևակերպումները հիմք են տալիս պնդելու, որ բանակը քաղաքացիական վերահսկողությունից տվյալ դեպքում դուրս է եկել և մտել է քաղաքական դաշտ, որոշակի խնդիրներ լուծելու համար, ինչը ինքնին արդեն կարող է դիտվել սահմանադրական կարգի տապալում։

Այս հրամանի մեջ շատ ավելի խնդրահարույց ձևակերպումներ կան նաև, որոնք նույնպես քննության առարկա են դարձվել։ Ինչն է շատ կարևոր այս հրամանի հետ կապված՝ որ այն ստորագրվել է 2008 փետրվարի 23֊ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ որ դեռ որևէ տվյալ չկար, որ մարտի 1֊ին լինելու են ինչ֊որ անհնազանդություններ, խժդժություններ, և անհասկանալի է՝ այս դեպքում ինչո՞ւ պետք է բանակը ներքաշվեր այս գործընթացներում։

Ի՞նչ է հրամայում պաշտպանության նախարարը. ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը սույն թվականի փետրվարի 23֊ին՝ ժամը 18։00֊ից, տեղափոխել զորանոցային վիճակի մինչև հատուկ կարգադրության ստացումը, ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնք զինել տաբելային զենքով, Երևան քաղաքի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ֊լեյտենանտ Խաչատուրովի աշխատանքը ապահովելու նպատակով ստեղծել կայազորի պետի վարչակազմ, պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանակային կորպուսների և առանձին զորամասերի հրամանատարներին հանձնարարվել է ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ։ Ստորաբաժանումները զինել հրաձգային զենքերով։

Իսկ ի՞նչն է շատ ավելի հետաքրքիր դարձնում, եթե կարելի է այսպես մեկնաբանել, այս փոքր զինված խմբերը՝ դա այն է, որ նույն հրամանի 10֊րդ կետով սահմանված է, որ երրորդ կետում նշված ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով, ենթասպաներով, պայմանագրային և ժամկետային զինծառայողներով։ Կարծում եմ այստեղ արդեն ավելորդ է ինչ֊որ դատողություններ անել և խոսել այն մասին, որ բանակը ներգրավված չի եղել կամ ներգրավվել է բանակը և մնացել է զորանոցներում՝ քաղաքական այս միջոցառումներին չխառնվելու համար, ինչպես մեզ մեր ընդդիմադիրները հակադարձում են։ Այս ամեն ինչով պարզ է դառնում, որ ստեղծվել են մոբիլ խմբեր, որոնք համալրվել են հոգեբանորեն կայուն զինվորներով։ Թե ի՞նչ խնդիրներ պետք է նրանք լուծեին՝ թողնում եմ հանդիսատեսի երևակայությանը։

«Կներեք, բա սահմանադրական կարգի տապալումը էլ ինչպե՞ս է լինում»

Սասուն Խաչատրյան. ֊ Արտակարգ դրություն հայտարարելու մասին այդ հրամանագրով նախատեսվել է արտակարգ դրության իրավական ռեժիմ։ Արտակարգ դրության իրավական ռեժիմ կարող էր սահմանվել միայն օրենքով, որովհետև այդ ռեժիմի իրականացման արդյունքում անխուսափելիորեն խախտվում են մարդկանց հիմնարար իրավունքները և ազատությունները, իսկ հիմնարար իրավունքները և ազատությունները, ինչպես Եվրոպական կոնվենցիայով, այնպես էլ մեր Սահմանադրությամբ կարող են սահմանափակվել միայն օրենքով։ Սահմանադրական իրավունքները և ազատությունները չեն կարող սահմանափակվել հրամանագրով։ Իսկ այդ ժամանակ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք գոյություն չի ունեցել, այդ օրենքը մտել է ուժի մեջ ավելի ուշ։

Ի՞նչ են ասում մեր ընդդիմախոսները. նրանք մեջբերում են Սահմանադրության անցումային դրույթների այն նորմը, որտեղ նշվում է, թե մինչև արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի ընդունումը սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում Հանրապետության նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրավունք ունի իրականացնել համապատասխան միջոցառումներ և ուղերձով դիմել ժողովրդին։ Ի՞նչ է նշանակում՝ համապատասխան միջոցառումներ։ Խնդիր չկա, մենք չենք ասում, որ այդ միջոցառումները նա իրավունք չուներ անելու, բայց այդ միջոցառումները նաև իրավունք ուներ անելու մինչև այն սահմանը, որտեղ սկսվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

Այսինքն՝ այդպիսի մանիպուլյացիա անել և ասել, որ միջոցառումը իր մեջ ներառում է ամեն ինչ, դա անթույլատրելի է։ Հակառակ դեպքում չէր լինի նաև նման օրենք ընդունելու կարիք։ Եվ, ի վերջո, մենք միացել ենք Մարդու իրավունքների ու ազատությունների եվրոպական կոնվենցիային։ Մենք չէինք կարող նման խախտում թույլ տալ։ Բայց թույլ է տրվել։

Նաև՝ երկրորդ ասպեկտը, ինչու է այդ հրամանագիրը ապօրինի՝ որ այդ ռեժիմի ապահովումը, բացի Ոստիկանությունից, հանձնարարվել է նաև Պաշտպանության նախարարությանը։ Այսինքն՝ փաստացի մտցվել է, եթե հաշվի առնենք նաև 0038 գաղտնի հրամանը, դրանից հետո հետևում է այս հրամանագիրը, որով նաև բանակին հանձնարարվում է, որպեսզի այս իրավական ռեժիմը ապահովվի, մենք գործ ենք ունենում փաստացի ռազմական դրության հետ։

Եվ եթե կհիշեք՝ արդեն մարտի 1֊ին, ուշ երեկոյան, Պաշտպանության նախարարության Սեյրան Օհանյանը հանդես եկավ կոչով, որում փաստացի սպառնաց քաղաքացիներին, որ՝ «այ, եթե դուք հանկարծ դուրս գաք, հավաքվեք, իրավական ռեժիմի հետ կապված արգելված ինչ֊որ գործողություններ անեք, ապա բանակը շատ խստորեն դա պատժելու է»։ Ես բառացի չեմ հիշում, բայց սկզբունքը սա է։ Ի՞նչ է նշանակում, որ այդ գործողությունները հանձնարարվել էին բանակին։

Կներեք, բա սահմանադրական կարգի տապալումը էլ ինչպե՞ս է լինում։

Սերժ Սարգսյանի հնարավոր ներգրավման մասին

Հրայր Թամրազյան. ֊ Անցնենք նաև Հանրապետության երրորդ նախագահին՝ Սերժ Սարգսյանին։ Ըստ էության, Քոչարյանը իր հարցազրույցում ասաց, որ՝ «ես մեղավոր չեմ, որ այդ մարտի 1֊ի հետաքննությունը կանգնեցվել է, խոչընդոտվել է»: Դրա համար եղել են մարդիկ, որոնք պատասխանատու են եղել այդ ժամանակաշրջանում։ Հիմա՝ ուզում եմ հետաքրքրվել, արդյո՞ք Հանրապետության երրորդ նախագահի հետ կապված որևէ քննչական գործողություն կատարվում է, թե՞ չէ։ Նա որպես վկա ներգրավվելո՞ւ է այս գործում։

Սասուն Խաչատրյան. ֊ Ես բազմիցս նշել եմ, որ այս գործում որպես վկա կամ դատավարական այլ կարգավիճակով անձինք ներգրավվելու են՝ ելնելով գործով ձեռք բերված տվյալներից, և քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի՝ անկախ անձերից, պաշտոններից, իր այդ գործառույթը իրականացնելու։

Այս պահին, նախաքննության շահերից ելնելով, չեմ ցանկանում, որպեսզի ավելի մանրամասն տեղեկատվություն տամ այդ հանգամանքների վերաբերյալ, թե ով է կանչվել կամ ով է կանչվելու, ինչ կարգավիճակով։

Դուք ականատես եղաք, որ ամբողջ աշխատանքը որոշակի ժամանակ հետո հրապարակվում է, ոչ մի գաղտնի բան չի մնալու և ի վերջո լինելու է բաց դատավարություն, և հանրությունը կհամոզվի, որ ամբողջ ծավալով քննությունը կատարվել է։

«Կիրակնօրյա վերլուծականը» և հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորև հրապարակված տեսանյութում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG