Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ:
«Հայաստանում խորը վշտով են ընդունել Կրասնոյարսկի մարզում տեղի ունեցած ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի մասին ողբերգական լուրը, ինչն ուղևորների և անձնակազմի մահվան պատճառ է դարձել», ֊ ասված է հեռագրում։ ֊ «Ես Ձեզ և ի դեմս Ձեզ բոլոր ռուսաստանցիներին անկեղծորեն վշտակցություն եմ հայտնում և խնդրում եմ փոխանցել իմ ցավակցությունները զոհվածների հարազատներին ու մտերիմներին», ֊ գրել է Հայաստանի վարչապետը։
Կրասնոյարսկում Ми-8 ուղղաթիռի կործանման հետևանքով 18 մարդ է զոհվել: Նավթահորատողներին տեղափոխող ուղղաթիռը պատկանում էր Utair ընկերությանը:
Նախնական տվյալներով՝ թռիչքի մեկնարկին ուղղաթիռը հպվել է արդեն թռիչքը սկսած մեկ այլ ուղղաթիռի: Երկրորդ Ми-8-ի անձնակազմը ստիպված նետել է ուղղաթիռի բեռներն ու վայրէջք կատարել: Երկրորդ ուղղաթիռի ուղևորակազմը չի տուժել:
Երկու ուղղաթիռները ենթադրաբար թռիչք էին իրականացնում առանց կարգավարի հրահանգների: Աղետի փաստով քրեական գործ է հարուցվել: