Մատչելիության հղումներ

Ստեփան Գրիգորյան․ Մեզ պետք է հուզեն ոչ թե հրապարակումները, այլ այն, ինչ ասում է պաշտոնական Ռուսաստանը


Վերլուծաբան Ստեփան Գրիգորյան, արխիվ

«Ինձ համար ավելի կարևոր է՝ ինչ է ասում պաշտոնական Մոսկվան՝ ի դեմս Դմիտրի Պեսկովի կամ արտգործնախարարության: Ինձ համար ավելի կարևոր է այն մտահոգությունը, որը արտահայտեց Լավրովը՝ արտգործնախարարը», - ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի հրապարակմանը:

Նախօրեին հրապարակած ծավալուն հոդվածում «Կոմերսանտ»-ը պնդում էր, մասնավորապես, թե պաշտոնական Մոսկվան վրդովված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և հատկապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրման կապակցությամբ, ու հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկի շրջանակում նախատեսված ռուսական նոր սպառազինության մատակարարումը Հայաստանին:

Ստեփան Գրիգորյանը նման հոդվածների, հրապարակումների հետ կապված չբացառեց, որ դրանք «ուղղակի նախաձեռնվել են նախկին իշխանությունների կողմից»: «Ուղղակի իրենք հասկանալով, որ Ռուսաստանը ունի հարցեր նոր իշխանություններին, ու ակնհայտ է՝ նախկին իշխանությունները քանի որ ամեն ինչ կորցնում են, բացի դրանից՝ հիմա դատական պրոցեսներ են իրենց դեմ, իրենք, օգտագործելով իրենց ֆինանսական ռեսուրսը առաջին հերթին, ինչ-որ հին կապերը, իմ կարծիքով՝ նախաձեռնում են այս ձևի հոդվածներ», - հայտարարեց վերլուծաբանը:

«Էդ հոդվածը ես չեմ կարծում, որ համապատասխանում է իրականությանը, բայց մեզ պետք է հուզի այն, ինչ ասում է պաշտոնական Ռուսաստանը: Պաշտոնական Ռուսաստանը Լավրովի շուրթերով, այո, արտահայտեց մտավախություններ, ու էդ մտավախությունները մենք պետք է փարատենք», - ընդգծեց Գրիգորյանը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 31-ին ասել է, մասնավորապես, թե «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից»։

«Հաշվի առնելով, որ «Կոմերսանտ»-ի այս հոդվածը հաջորդեց Լավրովի հայտարարությանը, այնուամենայնիվ, իսկապե՞ս վտանգ չկա, ըստ Ձեզ, որ հնարավոր է՝ 100 միլիոն դոլար վարկը, որը նախատեսված էր «Իսկանդեր»-ներ և Սու-30 կործանիչներ գնելու համար, այլևս չկայանա և հարցականի տակ դրվի, քանի որ վարկի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերել Ռուսաստանի հետ Հայաստանի դեռ նախկին իշխանությունը», - այս հարցին վերլուծաբանը արձագանքեց․ - «Կարող է՝ դա ուղերձ է, որ մենք հասկանանք, պետք է իշխանությունները, քանի որ անմիջական կոնտակտի մեջ են ռուսական կողմի հետ, իրենք գիտեն դա՝ էդ ինչ ուղերձ էր «Կոմերսանտ»-ի, ուղե՞րձ էր, թե՞ սարքած ինչ-որ հոդված, իրենք ավելի լավ կիմանան, պարզ է, չէ՞, ավելի շատ ինֆորմացիա ունեն»:

Միաժամանակ, Գրիգորյանը շեշտեց․ - «Այո, միշտ էլ վտանգներ կան, բայց դու պետք է աշխատես, որ էդ անցանկալի զարգացումը կանխես: Մերոնք պարտավոր են հիմա հանդիպել ռուսների հետ, քննարկել, ճշտել՝ ինչ են իրենք ուզում: Չեմ հավատում, որ Յուրի Խաչատուրովի խաթեր իրենք ամբողջ երկրի դեմ դուրս գան, հասկանո՞ւմ եք: Բայց դրա համար պետք է հանդիպել, կոնկրետ էդ է՝ Ռուսաստանը հայտարարություն արեց շատ լուրջ, մենք պատասխանեցինք, բայց ես համարում եմ, որ անպայման պետք է կոնսուլտացիաները անցկացնենք՝ պատվիրակություն ուղարկենք Ռուսաստան, ճշտենք՝ ինչ են ուզում, ինչ մտավախություններ ունեն, ինչ պահանջներ ունեն: Էս է աշխատանքը, դա է՝ անհրաժեշտ է անմիջական կոնտակտը, ճշտումը, ոչ հրապարակային նաև աշխատանքը դիվանագիտական, հասկանո՞ւմ եք, ամեն ինչ պետք է: Ես հուսով եմ, որ դա արվում է, բայց դեռ չեմ տեսնում»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG