Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հանրային դժգոհությունները վերջին տասնամյակի համար աննախադեպ աճել են․ հարցում


Ռուսաստան - Կենսաթոշակային բարեփոխումների դեմ հուլիսի 29-ի բողոքի ցույցը Մոսկվայում
Ռուսաստան - Կենսաթոշակային բարեփոխումների դեմ հուլիսի 29-ի բողոքի ցույցը Մոսկվայում

Ռուսաստանում բողոքական տրամադրությունները հասել են վերջին տասը տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշին: Համենայն դեպս, դա է պնդում «Լևադա» կենտրոնի վերջին զեկույցը:

Ըստ հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի, այս տարվա հուլիսին՝ առաջին անգամ 2009 թվականից ի վեր, տնտեսական պահանջներով զանգվածային բողոքի ցույցերի հավանականությունը անցել է 40 տոկոսի շեմը: Տասը տարի առաջ՝ համաշխարհային ճգնաժամի օրերին, մինչդեռ, կառավարության դեմ ցույցերն ու գործադուլները հնարավոր էր համարել հարցվածների 39 տոկոսը: Ընդ որում, եթե անցած տարի հունիսին այդ ցույցերին մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել հարցվածների 15 տոկոսը, ապա այժմ ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է, և ըստ էության յուրաքանչյուր երրորդը պնդել է, թե պատրաստ է փողոց դուրս գալ՝ իր իրավունքները պաշտպանելու համար:

Բողոքի այս ալիքը հիմնականում կապված է կենսաթոշակային համակարգում փոփոխություններ մտցնելու, մասնավորապես՝ թոշակի անցնելու տարիքը աստիճանաբար բարձրացնելու կառավարության ծրագրերի հետ: Անցած շաբաթավերջին, օրինակ, երկու օր շարունակ հազարավոր մարդիկ Մոսկվայի կենտրոնում՝ Սախարովի հրապարակում, վանկարկում էին՝ «Ռուսաստանն առանց Պուտինի»: Հանրահավաքի կազմակերպիչների թվում էր ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով պնդում է՝ եթե այսօր ռուսաստանցիները չբողոքեն, միգուցե մինչև թոշակի տարիք չձգեն:

«Ես եկել եմ, բնականաբար, որպեսզի ցանկացած նորմալ մարդու նման բողոքս արտահայտեմ այն նախագծի դեմ, որ կառավարությունը անվանում է կենսաթոշակային համակարգի բարեփոխում: Իրականում նրանք ուղղակի կողոպտում են միլիոնավոր մարդկանց, և դա հիպոթետիկ կողոպուտ չէ, ոչ էլ կոռուպցիա: Նրանք ուղղակի մարդկանցից խլում են ահռելի գումարներ», - հայտարարում էր Նավալնին:

Չնայած օր-օրի ընդարձակվող բողոքի ցույցերին՝ ոչ կառավարությունը, ոչ էլ նախագահ Վլադիմիր Պուտինը առայժմ ետքայլի ակնարկներ չեն անում՝ գործի դնելով ցուցարարների դեմ բռնությունների մեքենան: Որպես կանոն՝ հանրահավաքներն ավարտվում են ընդդիմադիրների ձերբակալություններով, որոնց նկատմամբ վարչական տուգանքներ են սահմանվում, նույնն էր պատկերը նաև անցած շաբաթավերջին մայրաքաղաքում կազմակերպված հանրահավաքի դեպքում: Քննադատական ելույթներից հետո իրավապահները սկսեցին մեկ առ մեկ բերման ենթարկել ակտիվիստներին, թեև քաղաքային իշխանություններն ի սկզբանե արտոնել էին ցույցը:

«Նրանք լուռ, առանց պատճառներն ու հիմքերը ներկայացնելու, ուղղակի բռնում էին մարդկանց թևից, ասում էին՝ «գնացինք», ու բերման ենթարկում», - պատմում է ցույցի մասնակիցներից մեկը՝ ընդգծելով․ - «Ցավոք, արդեն լայնորեն կիրառվող գործելաոճ է դառնում՝ ամեն անգամ արտոնված հավաքից հետո ոստիկանները սկսում են մտացածին պատրվակներով ձերբակալել կազմակերպիչներին»:

Չնայած իշխանությունների գործադրած այդ ճնշումներին՝ ռուսաստանցիների 37 տոկոսը «Լևադա»-ի հարցմանն ի պատասխան վստահեցրել են, որ շարունակելու են պայքարը, 64 տոկոսն էլ համոզված են, որ կառավարության նոր ծրագիրը կա՛մ բացասաբար, կա՛մ խիստ բացասաբար է ազդելու իրենց ապագայի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG