Մատչելիության հղումներ

Փաշինյան․ «Իրականացնում ենք կարևոր, պատմական ժողովրդավարական փոփոխություններ»


Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությանը այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախ եմ Ձեզ ողջունել, ինչպես հիմա ընդունված է ասել, նոր Հայաստանում: Մենք այսօր իրականացնում ենք կարևոր, պատմական ժողովրդավարական փոփոխություններ, հույս ունեմ, որ Ձեր այցի ընթացքում զգացել եք այդ փոփոխությունների ու լավատեսության շունչը: Բարձր ենք գնահատում Հայաստանի և Իտալիայի միջև առկա բարեկամությունը և պատրաստ ենք ջանքեր գործադրել երկկողմ կապերի հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը:

Մատարելան կարևորել է երկու երկրների համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում: «Մեր ժողովուրդներին միմյանց է կապում ամուր բարեկամությունը, և մենք անհրաժեշտ ենք համարում Իտալիայի և Հայաստանի գործընկերության է՛լ ավելի զարգացումը», - ասել է Իտալիայի նախագահը՝ հավելելով, որ հայ և իտալացի ժողովուրդները համարվում են հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչներ, ինչը երկկողմ կապերի խթանման լավ հիմք է:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր, այդ թվում՝ տնտեսության, պաշտպանության և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են հատկապես պաշտպանության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը, մասնավորապես Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելության շրջանակում:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Իտալիային այդ հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցություն ցուցաբերելու համար: Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ և պատրաստ է շարունակել ջանքերը բանակցային գործընթացում:

Մատարելան նշել է, որ այսուհետ ևս Իտալիան շարունակելու է իր հավասարակշռված քաղաքականությունը ԼՂ հակամարտության հարցում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում: Իտալիայի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կներդնի հնարավոր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և հավելել, որ այն միայն քաղաքական է:

Նիկոլ Փաշինյանը և Սերջիո Մատարելան կարևորել են տարածաշրջանում կայունության ամրապնդումն ու ԼՂ հակամարտության կողմերի միջև ակտիվ երկխոսությունն ու խաղաղության մթնոլորտի ձևավորումը:

Հայաստանի վարչապետը և Իտալիայի նախագահը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: Մատարելան վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի Իտալիայի խորհրդարանում հնարավորինս շուտ վավերացվի Հայաստանի ու Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպումից հետո քննարկումները շարունակվել են աշխատանքային ճաշի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG