Պաշտոնական Անկարան սպառնում է միջազգային դատարան դիմել, եթե ամերիկյան իշխանությունները չկատարեն պայմանագրով ստանձնած պարտավորություններն ու չմատակարարեն խոստացված F-35 գերժամանակակից կործանիչները:
«Մեզ հիմա նաև սպառնում են: Ասում են, թե չենք տա F-35-ը: Եթե այդպես է, գոյություն ունեն միջազգային դատարաններ, և մենք կդիմենք այդ դատարաններ»,- ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հավելելով, որ ամերիկյան այդ կործանիչներն, այդուհանդերձ, այլընտրանք ունեն:
Թուրքիայի առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբարություններում Անկարան միշտ «բարի նպատակներ է հետապնդել», մինչդեռ Վաշինգտոնը «երբեք դրան նույն կերպ չի պատասխանել»: Էրդողանի խոսքով՝ ամերիկացիների նման վերաբերմունքն իր երկրի հանդեպ կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ․ «ԱՄՆ-ն Թուրքիային, որպես իր դաշնակցի, կարող է կորցնել, ընդ որում՝ ուժեղ և հուսալի դաշնակցի»:
Նախագահ Ռեջեփ Էրդողանի այս քննադատությունն ու սպառնալիքները հաջորդում են անցած շաբաթ ամերիկյան Կոնգրեսի կողմից F-35 կործանիչների վաճառքի համաձայնության սառեցմանը: Դեռևս տասը տարի առաջ Անկարայի և Վաշինգտոնի միջև կնքված՝ ամերիկյան կործանիչների շուրջ պայմանագրի իրագործումը, որի շրջանակներում, ի դեպ, թուրքական կառավարությունն արդեն շուրջ մեկ միլիարդ դոլլարի ներդրում է կատարել, փակուղի մտավ ամիսներ առաջ՝ ռուս-թուրքական ռազմական գործարքի պատճառով:
Նախնական պայմանավորվածության համաձայն, Թուրքիան ծրագրում էր ավելի քան 100 կործանիչ գնել ԱՄՆ-ից, ընդ որում` առաջին մատակարարումը պետք է իրականացվեր արդեն 2018 թվականին: Պայամանագիրը, սակայն, վտանգվեց, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան՝ անտեսելով ԱՄՆ-ի և մյուս դաշնակից երկրների մտահոգություններն ու հորդորները, անցյալ նոյեմբերին Ռուսաստանի հետ պայմանագիր ստորագրեց՝ S-400 զենիթահրթիռային թանկարժեք համակարգերի ձեռքբերման շուրջ:
ԱՄՆ-ն պնդում է, որ S-400-ը անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ, ինչը նշանակում է, որ Թուրքիան չի կարող մաս կազմել հակաօդային միասնական պաշտպանությանը: Եթե Մոսկվան, ինչպես խոստանում է, հաջորդ տարի ավարտին հասցնի թուրքական բանակին այդ սպառազինության մատակարարումը, ապա Թուրքիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը կունենա նման համակարգեր, և աշխարհում չորրորդը՝ Բելառուսից, Չինաստանից և Ռուսաստանից հետո:
Առանց Ռուս-թուրքական աղմկահարույց այդ գործարքի էլ, որից, ինչպես թուրքական իշխանություններն են պնդում, մտադիր չեն հրաժարվել, Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները վերջին տարիներին բնորոշվում են աննախադեպ լարվածությամբ: Թուրքական իշխանությունները Միացյալ Նահանգներին քննադատում են իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին չարտահանձնելու համար, ով մեղադրվում է Թուրքիայում երկու տարի առաջ տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Բացի այդ թուրքական իշխանությունները դժգոհ են Սիրիայում ամերիկյան զինուժի դերակատարությունից: Պենտագոնի ռազմական աջակցությունը վայելող քրդական ջոկատները, հիշեցնենք, Անկարան համարում է ահաբեկչական խմբավորումներ, որոնք «սպառնալիք են Թուրքիայի անվտանգության համար»:
Վաշինգտոնի և Անկարայի միջև դիվանագիտական լարվածության գլխավոր պատճառներից մեկն էլ ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնին առնչվող՝ Թուրքիայում հարուցված քրեական գործն է, որը, չնայած Նահանգներից հնչող պահանջներին ու կոչերին, այդպես էլ չկարճվեց, և ամերիկացի պաստորը կշարունակի մնալ թուրքական բանտում` ահաբեկչության մեղադրանքներով: Թուրքական դատախազությունը շուրջ երկու տարի բանտում գտնվող Բրանսոնին մեղադրում է 2016 թվականի հեղաշրջման փորձին առնչություններ ունենալու, Գյուլենի ցանցին և «Քրդական աշխատավորական կուսակցությանն» աջակցելու մեջ:
ԱՄՆ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել ամերիկացի հոգևորականին՝ հակառակ դեպքում սպառնալով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել: Թուրքիան, իր հերթին, հայտարարում է, որ այդ սպառնելիքներն իրեն չեն վախեցնում, պնդելով՝ Բրանսոնի հարցում իր դիրքորոշումը չի փոխի:
Ամերիկյան մի շարք աղբյուրների պնդմամբ՝ Էնդրյու Բրանսոնի ձերբակալությունը պաշտոնական Անկարան օգտագործում է որպես հաղթաթուղթ՝ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման շուրջ Վաշինգտոնի հետ սակարկությունների ընթացքում: