Մատչելիության հղումներ

Մայրը մեղադրվում է նորածնին վտանգի մեջ թողնելու համար․ գործի նախաքննությունն ավարտվել է


Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է նորածին երեխային վտանգի մեջ թողնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը:

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչը 2017 թվականի օգոստոսի 12-ին իրենց տան բակում գտնվող սալորի ծառի տակ հայտնաբերել էր իգական սեռի նորածին երեխայի։ Փոքրիկն անմիջապես շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, և ժամանակին ձեռնարկված միջոցառումների արդյունքում բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել և պարտավոր է եղել նրան խնամելու կամ ինքն է նրան դրել կյանքի համար վտանգավոր վիճակում»: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվել՝ նորածնի մոր ինքնությունը, երեխայի՝ ծառի տակ հայտնվելու հանգամանքները պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Արդյունքում՝ պարզվել է նորածնի մոր ինքնությունը, ով, ըստ Քնչական կոմիտեի, Կոտայքի մարզի 37-ամյա բնակչուհի է։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս 2017-ի օգոստոսի 12-ին տնային պայմաններում ծննդաբերել է իգական սեռի երեխա և ցանկանալով նորածնի գոյության փաստը քողարկել հանրությունից՝ թողել է նրան Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հետնամասում գտնվող անմշակ այգում, ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ կնոջը մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

ՔՕ 128-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 150-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG