ՀՀ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակական զարգանան ու բարձրանան նոր մակարդակի: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Սանկտ Պետերբուրգում՝ Էրմիտաժում մի խումբ մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ:
«Մեր հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի և կարծում եմ, որ դրանք հիմնված են հարուստ մշակութային կապերի վրա, որոնք գոյություն ունեն հայ և ռուս մշակութային գործիչների միջև: Այդ կապերը ոչ միայն պրոֆեսիոնալ են, այլև մարդկային. պրոֆեսիոնալ կապերն ամրապնդում են մարդկային կապերը և հակառակը: Մենք անհրաժեշտ ենք համարում մշակութային կապերի հետագա խորացումն ու կարևորում այն փաստը, որ Էրմիտաժում պահվում են հայկական հետք ունեցող բազմաթիվ ցուցանմուշներ»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ հայ ժողովրդի համար Սանկտ Պետերբուրգն ունի կարևոր նշանակություն. այստեղ ապրել, կրթություն են ստացել և գործունեություն ծավալել բազմաթիվ հայտնի հայեր:
Այնուհետև պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների մասին, ընդգծելով, որ Թուրքիան դրանք կապում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Նա տարօրինակ է համարել այն, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է երրորդ երկրի հետ հարաբերություններով:
«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան, Հայաստանի կողմից այն կարելի է համարել ոչ փակ: Մեզ համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, և Հայաստանն այժմ ցեղասպանությունների դեմ պայքարում առաջամարտիկներից մեկն է», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ ցեղասպանության հարցը Հայաստանի համար ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների, որքան ցեղասպանության դեմ գլոբալ պայքարի հարց է: «Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց որևէ նախապայմանի», - կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ընդգծել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:
Սանկտ Պետերբուրգի Կամսկի պուրակում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի մոտ: Պուրակում վարչապետին դիմավորել են հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք Փաշինյանին մաղթել են հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:
Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Ռուսաստան ավարտվել է: