Մատչելիության հղումներ

Աֆղան Մուխթարլի․ «Իմ առևանգմանը ուղղակի առնչություն ունի Վրաստանի կառավարությունը»


Ադրբեջան - Լրագրող Աֆղան Մուխթարլիին բերում են Բաքվի դատարան, հունիս, 2017թ․

«Իմ առևանգմանը ուղղակիորեն առնչություն ունեն Վրաստանի կառավարությունը, քրեական ոստիկանությունը, սահմանապահ ծառայության պետը և Լագոխեթիի մաքսային անցակետը», - իր ցուցմունքներում ասել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին, ով Թբիլիսիում անհետացել էր անցած տարվա մայիսին և հայտնվել Բաքվի բանտում:

Իր ցուցմունքներում, որոնք Վրաստանի գլխավոր դատախազությանն է հանձնել փաստաբանը, Մուխթարլին պատմել է միջադեպի մանրամասները: «Հետևից ինձ վրա հարձակվեցին երկուսը, վարորդը ևս նրանց օգնում էր: Նրանք ինձ խփում էին: Նրանք քրեական ոստիկանության հատուկ համազգեստներով էին: Ինձ ուժով նստեցրին մեքենա, ինչից հետո մեքենան դեպի ներքև շարժվեց ու ձախ թեքվեց: Կանգնեցին մանկական խաղահրապարակի մոտ ու ինձ մեքենայում ծեծի ենթարկեցին: Հասնելով օդանավակայան՝ գլխիս պարկ հագցրին, պարկի անցքերից ես տեսնում էի ճանապարհը: Մեքենան գնում էր դեպի Սագարեջո: Ցանկանում եմ նշել, որ Լագոխեթի այցելությունների ժամանակ ես մի քանի անգամ անցել եմ այդ ճանապարհով: Վրաստանում ինձ առևանգողները վրացիներ էին: Նրանք հեռախոսով խոսում էին վրացերեն: Իմ առևանգմանը ուղղակիորեն առնչություն ունեն Վրաստանի կառավարությունը, քրեական ոստիկանությունը, սահմանապահ ծառայության պետը և Լագոխեթիի մաքսային անցակետը: Անցակետը հատելուց հետո ինձ ադրբեջանական կողմին են հանձնել չեզոք տարածքում», - իր ցուցմունքներում գրել է Մուխթարլին:

Ադրբեջանում լրագրողին երեք հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել՝ սահմանի անօրինական հատում, իրավապահներին վիրավորել ու մաքսանենգություն: Ադրբեջանական դատարանը այս տարվա հունվարին նրան դատապարտել է վեց տարվա ազատազրկման: Իրավապաշտպան խմբերը հայտարարել են, որ ընդդիմադիր լրագրողին ներկայացված շինծու մեղադրանքների հիմքում բացառապես քաղաքական դրդապատճառներ են ընկած:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Մուխթարլիի գործը հետաքննում է ազատությունից ապօրինաբար զրկելու հոդվածով: Նրա փաստաբան Արչիլ Չոպիկաշվիլին «Գրուզիա օնլայն» կայքին ասել է, որ վրացական կողմի հետաքննության համար իր առաջարկով Աֆղան Մուխթարլին գրավոր ցուցմունք է գրել և ուղարկել իրեն, որը գլխավոր դատախազությանն է փոխանցել մոտավորապես երկու շաբաթ առաջ: Փաստաբանն ասել է, որ լրագրողը Թբիլիսիից առևանգվել է Ադրբեջանի իշխանությունների պատվերով:

Աֆղան Մուխթարլին կնոջ՝ Լեյլայի հետ 2015 թվականին ապաստանել է Թբիլիսիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG