Մատչելիության հղումներ

Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։ Հայաստանի վարչապետն այդ մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում, շեշտելով՝ հանդիպումը վարչապետների ֆորմատով է, և ինքը դեռ թավշյա հեղափոխության օրերին է հայտարարել, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելն իրենց նպատակը չէ, ընդհակառակը՝ «պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար»:

Փաշինյանը մանրամասնել է․ - «Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում և այս հարցը լուծված է նաև դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը: Բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռևս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին և վարչապետերի խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել և ֆորմատը կաթվածահար կլիներ»:

Ըստ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի՝ վարչապետի այս հայտարարությունից պարզ երևում է, որ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի մասով իսկապես վարչապետի մակարդակով մասնակցության իրավական հիմք գոյություն ունի։

«Որոշումներ երևի պետք է ընդունվեն՝ կապված Հայաստանի ներկայության հետ, հետագայում: Այդ հարցը երևի ինչ-որ ձևով կլուծվի, որովհետև այստեղ հավանաբար փոխվարչապետներից մեկը պետք է հետագայում մասնակցի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իգիթյանը:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-Հայաստան հարաբերություններին, Իգիթյանը նշեց՝ շատ դժվար է ակնկալիքներ ունենալ։ «Կառույցը այս այդքան էլ գործնական չի աշխատում, իսկ բոլոր հարաբերությունները այնտեղ լուծվում են երկկողմանի մակարդակների վրա, հատկապես՝ Ռուսաստանի հետ», - ընդգծեց նա:

Վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի արդեն երրորդ այցն է Ռուսաստան: Միջազգային հարցերով փորձագետը շեշտում է՝ այդ այցերից ոչ մեկը պաշտոնական չէր։ «Ինձ թվում է, որ Հայաստանը պետք է նախապատրաստի նաև օրակարգ՝ այն հարցերը, որոնք կապված են ուղիղ Ռուսաստանի հետ, և նախապատրաստի Փաշինյանի օֆիցիալ այցելությունը Ռուսաստան, որովհետև դա շատ կարևոր է: Իսկ այսպիսի այցելությունները ես չէի համարի ուղղակի ձևով կապված երկկողմանի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների կտրվածքով», - ասաց Հովհաննես Իգիթյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG