Մատչելիության հղումներ

Անկարան չի պատրաստվում միանալ Թեհրանի դեմ Վաշինգտոնի նոր պատժամիջոցներին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Իրանի դեմ Վաշինգտոնի կողմից սահմանված նոր պատժամիջոցներին միանալու որևէ ցանկություն Թուրքիան չունի: Այս մասին չորեքշաբթի օրը Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում` Յոհանեսբուրգ մեկնելուց առաջ, հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թուրքիայի ղեկավարը Հարավային Աֆրիկա է մեկնում զարգացող խոշորագույն պետություններին միավորող BRICS կազմակերպության համաժողովին մասնակցելու նպատակով:

«Միացյալ Նահանգները մեր ռազմավարական դաշնակիցն է: Բայց պետք է հաշվի առնել, որ մենք այլ ռազմավարական դաշնակիցներ ևս ունենք: Վաշինգտոնի ցանկությունը, որպեսզի մենք խզենք մեր ռազմավարական կապերը Իրանի հետ, հակասում է ազատության մասին պատկերացումներին: Իրանը մեր հարևանն ու ռազմավարական գործընկերն է», - հայտարարում էր Էրդողանը` հավելելով, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արդեն իսկ հստակ կերպով արտահայտվել է այս խնդրի շուրջ: Հուլիսի 24-ին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ «Թուրքիան չի պատրաստվում մաս կազմել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների ռեժիմին»:

Թուրքիայի նախագահը Հարավային Աֆրիկա մեկնելուց առաջ նաև հայտարարեց, որ Յոհանեսբուրգում պատրաստվում է իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ քննարկել Սիրիայում ստեղծված կացությունը:

«Ռուսաստանի նախագահի հետ զրուցելու ենք Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին: Խոսելու ենք մասնավորաբար Դերաայում ծավալված վերջին իրադարձությունների, Մանբիջում ստեղծված կացության մասին: Օրակարգում է լինելու նաև Իդլիբի խնդիրը, քանի որ, մեր պատկերացմամբ, իրադարձություններն այնտեղ ցանկացած պահի կարող են զարգանալ ոչ բարենպաստ սցենարով», - հայտարարում էր Էրդողանը:

Իդլիբի խնդիրը Թուրքիայի համար սկզբունքային նշանակություն ունի: Դա Սիրիայի միակ խոշոր նահանգն է, որ գտնվում է Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմության հսկողության ներքո: Անկայարում լուրջ մտավախություններ կան, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը` Իրանի և Ռուսաստանի աջակցությամբ, կփորձեն հարձակման անցնել նաև այս ուղղությամբ` վերահսկողություն սահմանելով Թուրքիային հարող շրջանների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG