Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ այսպես կոչված «օրենքով գող» 41-ամյա Արտյոմ Սարգսյանը՝ «Սարատովի Արտյոմ» մականվամբ հայտնի, և «Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն 41-ամյա Արթուր Ղազարյանը մի խումբ անձանց հետ 2013 թվականի մարտին Երևանի բնակիչ 37-ամյա մի տղամարդու առևանգել են։
«Պահելով անազատության մեջ և բռնություն գործադրելով՝ տղամարդուն ստիպել են հրաժարվել համասեփականության իրավունքով իրեն պատկանող հացի արտադրամասի 150.000 դոլար արժողությամբ մասնաբաժնից», - ասված է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ հուլիսի 23-ին ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ մարդու առևանգման և շորթման հատկանիշներով, և ուղարկվել է Քննչական կոմիտե՝ հետագա քննության։
«Տույ» մականունով Արթուր Ղազարյանը երկու շաբաթ առաջ ձերբակալվել, ապա կալանավորվել է մեկ այլ՝ ապօրինի զենքի վերաբերյալ քրեական գործով: