Մատչելիության հղումներ

Թրամփը կարող է 6 նախկին պաշտոնյաների զրկել գաղտնի տեղեկություններ ստանալու իրավունքից


Ջոն Բրենան, Ջեյմս Քոմի, Ջեյմս Քլափեր, Էնդրյու ՄըքՔեյբ, Մայքլ Հայդեն, Սյուզան Ռայս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իրեն հաճախ քննադատող հետախուզական և իրավապահ մարմինների բարձրաստիճան 6 նախկին պաշտոնյաների, ովքեր աշխատել են նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք, զրկել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն ստանալու իրավունքից:

Այդ ցանկում են Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանը, Թրամփի որոշմամբ անցյալ տարի պաշտոնանկ արված Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին, Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Քլափերը, Ազգային անվտանգության գործակալության նախկին տնօրեն Մայքլ Հայդենը, ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սյուզան Ռայսը և Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին փոխտնօրեն Էնդրյու ՄըքՔեյբը:

Բրենանը խստորեն քննադատել է Թրամփին անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար և նրանց համատեղ ասուլիսը որակել «դավաճանություն», քանի որ դրա ընթացքում նախագահը կասկածի տակ է առել ամերիկյան հետախուզական մարմինների եզրահանգումն առ այն, որ ռուսները միջամտել են 2016 թվականի ընտրություններին, և գործնականում ընդունել է միջամտությունը հերքելու Պուտինի պնդումը:

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն ասել է, թե նախագահը քննարկում է վեց նախկին պաշտոնյաներին գաղտնի տեղեկատվությունից զրկելու տարբերակները:

Սանդերսի փոխանցմամբ, «այդ նախկին պաշտոնյաները որոշ դեպքերում քաղաքական շահից դրդված՝ անհիմն մեղադրանքներ են ներկայացրել նախագահին, ասելով, թե Թրամփի ներկայացուցիչներն ապօրինի շփումներ են ունեցել ռուսական կողմի հետ և գտնվել են Ռուսաստանի ազդեցության ներքո»:

Կենտրոնական հետախուզական վարչությունը չի մեկնաբանել խնդիրը:

«Ինձ տեղեկատվությունից զրկելը որևէ կերպ չի ազդի իմ ասելիքի կամ գրելիքի վրա», - Թվիթերի իր էջում հայտարարել է Մայքլ Հայդենը:

Էնդրյու ՄըքՔեյբի խոսնակը փոխանցել է, որ «նա պաշտոնանկ արվելու պահից արդեն զրկվել է գաղտնի տեղեկություն ստանալուց, քանի որ դա է պահանջում Հետաքննությունների դաշնային բյուրոյի կանոնը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG