Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանը զրկվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից


Գեներալ Մանվել Գրիգորյան, արխիվ

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը այսօր զրկվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից: Որոշմանը կողմ քվեարկեցին քաղաքի ավագանու՝ նիստին ներկա բոլոր 10 անդամները: Ավագանու 4 անդամներ նիստին չէին մասնակցում:

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է մեկ ամիս առաջ: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։

Գեներալին պատկանող շինություններում և տարածքներում խուզարկությունների արդյունքներով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված էր․ - «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «Զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»: ԱԱԾ-ն նաև տեսանյութ էր հրապարակել:

Մեղադրանք է առաջադրված նաև Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, իսկ որդին՝ Կարեն Գրիգորյանը հոր ձերբակալությունից հետո հրաժարական տվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG