Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանը զրկվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից


Գեներալ Մանվել Գրիգորյան, արխիվ
Գեներալ Մանվել Գրիգորյան, արխիվ

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը այսօր զրկվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից: Որոշմանը կողմ քվեարկեցին քաղաքի ավագանու՝ նիստին ներկա բոլոր 10 անդամները:

Նախաձեռնությունը Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանիին էր։

«Պատվավոր քաղաքացու կոչումը խիստ լոկալ, խիստ քաղաքային հարց է, որը քաղաքի բնակչության շրջանում առկա տրամադրությունները հաշվի առնելով, կարծում եմ, դրան պետք է արձագանքել», ֊ «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Գասպարյանը։

Ավագանու 4 անդամներ նիստին չէին մասնակցում: Բացակաների թվում էին Մանվել Գրիգորյանի որդին՝ Արման Գրիգորյանը և դստեր ամուսինը՝ Արտակ Պողոսյանը։

Քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելն անխուսափելի էր. ֊ «Սա որևէ իրավական գործընթաց չէ, սա բարոյական հարթության մեջ է և հանրությունն արդեն իսկ արձագանքել է շատ բուռն տեսանյութերից հետո և բարոյականության տեսանկյունից հարցի վերաբերյալ հանրության վերաբերմունքը միանշանակ է և պարզապես իմ պատքն եմ համարել հանրությանը, որպեսզի դա նաև արձանագրվի, ամեն դեպքում տվյալ անձը այլևս չլինի Էջմիածնի պատվավոր քաղաքացիների ցուցակում»։

Դիանա Գասպարյանն ասում է՝ իրեն ևս հետաքրքիր էր, թե ավագանու անդամները, որոնք աշխատել են նախկին քաղաքապետի հետ, ինչպես կարձագանքեն իր նախաձեռնությանը։ Կարծում էր՝ շատերը կխուսափեին և չէին ներկայանա այսօրվա նիստին։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է մեկ ամիս առաջ: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։

Գեներալին պատկանող շինություններում և տարածքներում խուզարկությունների արդյունքներով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված էր․ - «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «Զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»: ԱԱԾ-ն նաև տեսանյութ էր հրապարակել:

Մեղադրանք է առաջադրված նաև Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, իսկ որդին՝ Կարեն Գրիգորյանը հոր ձերբակալությունից հետո հրաժարական տվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից:

Չարաշահումներ՝ էջմիածնի բյուջեում

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը վերջերս ուսումնասիրել է Էջմիածնի բյուջեի ծախսերն ու նկատել չարաշահումներ։ Օրինակ այն, որ նախկինում տարեկան բյուջեով 7մլն 200 հազար դրամ է հատկացվել ծաղիկներ և ծաղկեպսակներ գնելու համար։ Թե ինչի համար էր այս գնումը, քաղաքապետի պաշտոնակատարը չի կարողացել պարզել: Նշեց նաև, որ գնումների գործընթացում փոփոխություններ ևս եղել են, եթե նախկինում միայն Մանվել Գրիգորյանին կամ իր ազգականներին պատկանող ընկերություններն էին հաղթող ճանաչվում և սպասարկում քաղաքին, ապա հիմա կա մրցակցություն։

«Նոր գնումներ են հայտարարվել և արդեն նոր մրցույթներով հաղթող ճանաչվել են բոլորովին այլ ընկերություններ», ֊ նշեց քաղաքապետի պաշտոնակատարը։

Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG