Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը սկսել է առաջադրումները նախագահական ընտրություններում


Վրաստանի խորհրդարանիկ նախկին խոսնակ և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաքրաձե, արխիվ
Վրաստանի խորհրդարանիկ նախկին խոսնակ և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաքրաձե, արխիվ

Վրաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցություններից մեկը` «Եվրոպական Վրաստան»-ը, հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին կառաջադրի խորհրդարանի նախկին խոսնակ և նախկին արտգործնախարար Դավիթ Բաքրաձեի թեկնածությունը:

Դավիթ Բաքրաձեն 2013 թվականին արդեն իսկ մասնակցել է նախագահական ընտրություններին` քվեների 21 տոկոսով զբաղեցնելով երկրորդ տեղը: Հինգ տարի առաջ նրան առաջադրել էր Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը: Այսօր արդեն նրան առաջադրում են Սաակաշվիլիի նախկին աջակիցները, որոնք առանձին կուսակցություն էին հիմնել 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից հետո:

«Մեր գլխավոր նպատակը երկրում տիրող քաոսի հաղթահարումն է: Ցավոք սրտի, մեր հասարակությունը այսօր երկփեղկված է, մեզ հարկավոր է այնպիսի նախագահ, որ կարողանա միավորել Վրաստանի հանրությանը: Մեր երկրին այնպիսի նախագահ է հարկավոր, որ կլինի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու կողքին, սակայն երբեք այդ քաղաքացու համար անհարմարություններ չի ստեղծի իր ամբիցիաների պատճառով», - շաբաթ օրը Քութաիսիում կայացած կուսակցական համագումարի ընթացքում հայտարարում էր «Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդներից մեկը` Գիգի Ուգուլավան:

Նախագական ընտրություններից մոտ երեք ամիս առաջ մյուս քաղաքական ուժերը ևս հստակեցնում են իրենց դիրքորոշումներն այս հարցում: Անցած շաբաթ ավելի քան մեկ տասնյակ քաղաքական կուսակցություններ, այդ թվում՝ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժումը, որպես նախագահության միասնական թեկնածու առաջադրեցին 2008-2012 թվականներին արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գրիգոլ Վաշաձեին:

Չի բացառվում, որ հոկտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցի նաև Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Նա առայժմ չի հստակեցնում՝ արդյոք վերջնական որոշում կայացրե՞լ է, թե՞՝ ոչ:

«Առաջադրելո՞ւ եմ ես իմ թեկնածությունը, թե՞ ոչ` այս հարցին պատասխանելով ես նախ և առաջ կնպաստեմ քաղաքական վերնախավի ծրագրերի իրագործմանը: Ինչո՞ւ իշխող «Վրացական երազանք»-ը մինչ օրս չի հրապարակել իր թեկնածուի անունը: Որովհետև նրանք սպասում են իմ որոշմանը: Եթե ես առաջադրվեմ, իշխող կուսակցությունը ուժեղ թեկնածու կառաջադրի: Եթե ասեմ, որ չեմ առաջադրվում, համոզված եղեք` նրանց առաջադրած թեկնածուն շատ թույլ մի գործիչ է լինելու», - հայտարարում էր Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահի այս հայտարարությունը «Վրացական երազանք»-ի անդամները հումորով են ընկալում: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, օրինակ, հեգնում էր․ - «Կարծում եմ, որ Մարգվելաշվիլին ինքն իր մասին փոքր-ինչ ավելի լավ կարծիք ունի, քան անհրաժեշտ է: Ամեն դեպքում, ուրախալի է, որ այդպիսի հոգատար նախագահ ունենք, որը չի հայտարարում իր առաջադրման մասին, որպեսզի «Վրացական երազանք»-ը ուժեղ թեկնածու ունենա»:

Նշենք, ի դեպ, որ «Վրացական երազանք»-ը նախագահի իր թեկնածուի անունը խոստացել է հրապարակել մինչև հուլիսի վերջ: Վրացական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, իշխող կուսակցության ամենահավանական թեկնածուն ևս մեկ նախկին արտգործնախարար է` 2004-2005 թվականներին երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարած Սալոմե Զուրաբիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG