Մատչելիության հղումներ

Փանիկում տեղի ունեցած միջադեպի մեղավորներին պարզելու համար ծառայողական քննություն է իրականացվում. ՊՆ


Շիրակի մարզի Փանիկ գյուղում հուլիսի 17֊ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված իրենց մեղքի բաժինն ունեն թե՛ ռուսական, և թե՛ հայկական կողմը, այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ Փանիկում ՌԴ 102֊րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ հանդիպումից հետո։

Հուլիսի 17֊ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորները, առանց տեղացիներին նախազգուշացնելու, զորավարժություններ էին սկսել Շիրակի մարզի այս համայնքում, հնչել էին կրակոցներ, պայթյուններ էին որոտացել՝ խուճապ ու սարսափ առաջացնելով գյուղում:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ռուսական կողմը 1 օր առաջ տեղեկացրել է շարասյան տեղաշարժի վերաբերյալ և տեղեկացրել են, որ լինելու է մարզում՝ մարզման վայրը չի նշել։ Իրավական տեսանկյունից՝ պետք է համաձայնեցվեր», ֊ հանդիպումից հետո պարզաբանեց Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ արդյոք հայկական կողմը Փանիկի միջադեպի հետ կապված իրազեկված էր, թե ոչ։ ՀՀ պաշտպանության նախարարը շարունակեց. ֊ «Բայց իրենք իրենց սխալը ընդունել են, ներողությունը պաշտոնապես խնդրել են և մենք արդեն հետևություններ ենք արել, որի արդյունքում լինելու է էլ ավելի համակարգված»։

Նախարարը փաստեց, որ Փանիկում տեղի ունեցած մարզման համակարգման հարցում «կա սխալ և՛ ռուսական կողմի, և՛ հայկական կողմի մոտ». ֊ «Ինչ վերաբերում է հայաստանյան կողմին՝ ծառայողական քննություններ են իրականացվում մեր գերատեսչություններում, պարզելու մեղավորներին։ Ինչ վերաբերում է ռուսական կողմին, իհարկե՝ լինելու է իրենց մոտ ծառայողական քննություն, պատժվելու են»։

Ի դեպ՝ ռուսական ռազմաբազայի ծանր զինտեխնիկայի տեղաշարժի պատճառով Շիրակի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում և մարզկենտրոն Գյումրիում ճանապարհներ են շարքից դուրս գալիս, սակայն ռուսական կողմը որևէ պարտավորվածություն չունի նույնիսկ իր կողմից հասցված վնասը վերականգնելու: «Ազատության» հարցին՝ արդյո՞ք փակ հանդիպման ընթացքում այս խնդիրը քննարկվել է ռուսական կողմի հետ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մանրամասնեց. ֊ «Խոսել ենք։ Ճանապարհների հետ կապված հարցերում մենք լուծումներ ենք տալու, որովհետև չկա այդպիսի պարտավորություն ռուսաստանյան կողմից։ Մենք ունենք խնդիր՝ մեր կառավարությունն ունի խնդիր իրականացնելու, բայց համայնքները և այն ճանապարհները, որոնցով անցնում են՝ կառավարությունը պետք է որոշակի որոշումներ ընդունվեն։ Մենք կփորձենք լուծումներ տալ, որպեսզի ճանապարհների վերաբերյալ լինի ավելի մեծ հոգատարություն կառավարության կողմից»։

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք վերջին դեպքերը չեն հուշում, որ կարիք կա վերանայել հայ֊ռուսական պայմանագիրը, Դավիթ Տոնոյանը պարզաբանեց. ֊ «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG