Մատչելիության հղումներ

Փանիկում ռուս զինծառայողների աղմկահարույց վարժանքների մեղավորներին պարզելու համար քննություն է տարվում


Ռուսական ռազմաբազայի զինտեխնիկան Փանիկ գյուղում, 17-ը հուլիսի, 2018 թ․
Ռուսական ռազմաբազայի զինտեխնիկան Փանիկ գյուղում, 17-ը հուլիսի, 2018 թ․

Երեկ Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների անցկացրած զորավարժանքը մեծ խուճապ է առաջացրել գյուղում: Զորավարժություններից անտեղյակ գյուղացիները սարսափար են եղել՝ մտածելով, թե գյուղում իրական ռազմական գործողություններ են ընթանում:

Հետո է պարզվել, որ փամփուշտներն ու պայթուցիները եղել են ուսումնական, ոչ թե մարտական: Բայց և այնպես՝ դա փանիկցիներին չի հանգստացրել: Նրանք ռուս հրամանատարից պահանջել են բացատրել, թե ինչ հրամանի հիման վրա են առանց նախազգուշացման զորավարժանք անցկացրել:

Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանն ահազանգել է ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանություն: Զինվորականներին մինչև իրավապահների գալը չեն թույլատրել հեռանալ վարժանքի վայրից: Մակեյանն ասում է, որ կրակոցների ու պայթյունների ձայներից անգամ երեխաներ են ուշագնաց եղել: Այդ ձայները նույնիսկ հարևան համայնքներում են լսվել: Մոտ 3000 բնակիչ ունեցող Փանիկի համայնքապետն ասում է՝ փաստաթուղթ ներկայացնելու փոխարեն փորձում էին ընդամենը «ներողություն ասել» ու հեռանալ: «Իրենց ասելով՝ մենք մեր զինվորական գործն ենք անում և պարտավոր չեք ձեզ փաստաթուղթ ներկայացնել»,- պատմեց Մակեյանը:

Բնակիչներն այդ ամենը տեսանկարահանել են ու համացանցի միջոցով տարածել: Այսօր ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչ հրամանի հիման վրա է բնակավայրի մերձակայքում զորավարժանք իրականացվել:

«Հիմա պատրաստ չեմ խոսել, որովհետև քննություն է ընթանում, և դրա արդյունքների մասին ձեզ տեղեկատվություն կտրամադրենք մեր լրատվական ծառայության միջոցով»,- պատասխանեց Պալյուխովիչը, հավելելով․ «Զինավարժություններն իրականացվել են ռազմաբազայի զինվորական պատրաստականության բարձրացման շրջանակներում, այդ թվում՝ բազայի առջև դրված մարտական խնդիրների կատարման նպատակով: Իսկ թե ինչն է սխալ եղել, կրկնում եմ՝ արդյունքների մասին տեղյակ կպահենք»:

Պալյուխովիչին առավոտյան ընդունել էր Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Պարզվեց՝ ռուս սպան ներողություն է խնդրել ու հավաստիացրել, որ այլևս նման բան չի կրկնվի: «Ասացին, որ ֆորսմաժորային իրավիճակ է եղել, ինչ-որ հրաման չի եղել, անկազմակերպ է եղել, որի համար ներողություն խնդրեցին»,- պատմեց մարզպետը, հավելելով․ «Ծառայողական քննություն են իրենք կատարում, և մեղավորն անպայման պատասխան կտա»:

Ըստ հայ-ռուսական միջպետական պայմանագրի, 102-րդ ռազմակայանը պետք է նախապես տեղական ինքնակառավարման մարմիններին, ոստիկանությանն ու ազգային անվտանգության ծառայությանը զգուշացնի զորաշարժի երթուղու մասին, իսկ զորավարժանք, բացի սահմանված ուսումնավարժարանների տարածքներից, այլ վայրերում իրականացնելու իրավունք չունի: Խախտվել են միջպետական պայմանագրի պահանջները, թե ոչ, այդ հարցին ի պատասխան, մարզպետն այսօր ասաց՝ նշանակված ծառայողական քննությունը ցույց կտա:

Այսօր Փանիկում տեղի ունեցածին արձագանքել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ Նա «Ազատությանն» ասել է, թե դեպքի հանգամանքները և դրա ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Փանիկցիները հիշեցնում են տարիներ առաջ մարզի Վահրամաբերդ գյուղում ռուսական ռազամաբազայի զորավարժարանի տարածքում երկու երեխաների՝ պայթուցիկի պատճառով զոհվելու դեպքը, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդն ու ասում՝ իրենց գյուղում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ ռուսական կողմն ինչ ուզում անում է: Փանիկցի Հովհաննես Ջնդոյանը կառավարությանն է դիմում, որ քայլեր ձեռնարկեն: «Ենթադրենք էսօր զոհեր չկան, բայց դա կարող է շարունակական բնույթ ունենալ, ուստի՝ կխնդրեի, որ ձեռնամուխ լինեն էս բեզբրեդելը կանխելուն, նման բան նոր Հայաստանում չպիտի լինի»,- ասաց նա:

Փանիկում նաև ռուսական ռազմաբազայի զինտեխնիկայի տեղաշարժի պատճառած վնասներից եմ դժգոհում․ ծանր տեխնիկան շարքից հանում է ճանապարհները, սակայն ռուսական կողմը որևէ կերպ չի փոխհատուցում վնասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG