Երեկ երեկոյան 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո էլ Սերժ Սարգսյանի մերձավորներից Վաչագան Ղազարյանը դեռևս անազատության մեջ է։ Նրա փաստաբան Արմեն Հարությունյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ Ղազարյանը դեռևս բանտում է, քանի որ նշված գումարը դեռ չի վճարել։
Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն, ըստ ընթացակարգի, պետք է վճարի նշված գրավը, նոր միայն ազատ արձակվի։
«Ազատության» հարցին՝ ե՞րբ կվճարի գումարը և արդյո՞ք Ղազարյանն ի վիճակի կլինի վճարել նման խոշոր գումար, փաստաբանը կարճ պատասխանեց՝ «չգիտեմ»։ Ասաց նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ստանալուց հետո այն կուսումնասիրի և արդեն հաջորդ շաբաթ հանդես կգա հայտարարությամբ։ Հարցին էլ՝ Ղազարյանն ընդունու՞մ է մեղադրանքը, փաստաբանը բացասական պատասխան տվեց:
Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը երեկ երեկոյան որոշում է կայացրել, համաձայն որի, Ղազարյանը կարող է ազատ արձակվել 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր հունիսի 25-ին՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով: Նա կալանավորվել էր երկու ամսով և, համաձայն չլինելով դատարանի որոշման հետ, այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան։
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար:
Ըստ գործը քննող Հատուկ քննչական ծառայության, Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո և 460 միլիոն դրամի գույք: Մինչև ձերբակալումը, իրավապահները խուզարկել էին Վաչագան Ղազարյանի երևանյան բնակարանը, որտեղ առանձնապես խոշոր չափերի գումար էին հայտնաբերել։
Ազգային անվտանգության ծառայության կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկի» մուտքի մոտից։ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Ղազարյանը բերման ենթարկվելուց հետո անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկից» դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար դոլար, ինչպես նաև 436 միլիոն դրամ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից: Իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել էր 50 հազար ԱՄՆ դոլար:
ԱԱԾ հաղորդագրության համաձայն, ըստ Վաչագան Ղազարյանի, բանկից գումարի կանխիկացման նպատակը եղել է այն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը, Ղազարյանը չի ցանկացել հայտնել: Վաչագան Ղազարյանն անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել էր առօրյա ծախսերի համար գրպանում եղած 500 դոլարն ու 213 հազար դրամը։
Միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ տիրապետում է օպերատիվ տեղեկատվության, ըստ որի Ղազարյանին բերման չենթարկելու դեպքում, վերջինս պատրաստվում էր կանխիկացնել «Արդշինբանկում» իր հաշվին առկա 860 միլիոն դրամն ու կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի անձնական հաշվեհամարին առկա 690 միլիոն դրամը: Ընդհանուր հաշվով 1,5 միլիարդ դրամ կամ ավելի քան 3 միլիոն դոլար:
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը ԱԱԾ-ի խուզարկության ընթացքում հայտնել էր, թե «Յունիբանկի» և «Արդշինբանկի» հաշիվներում առկա գումարը մոռացել է ներկայացնել բարձրաստիճան Պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում:
Ուշագրավ է, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանքում չի ներկայացրել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ հաշիվներում արձանագրված 1,5 միլիարդ դրամը կամ ավելի քան 3 միլիոն դոլարը, ինչի մասին ավելի վաղ տեղեկացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Ընդ որում, Ղազարյանն այս դեպքում ևս ասել էր, թե մոռացել է հայտարարագրել այդ գումարները:
Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանն այս հարցի առնչությամբ ասել էր, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այս պահին դեռ մանրամասներ չեն հրապարակի, և հավելել, որ Ղազարյանին մեղադրանք առաջադրելու համար ձեռք են բերվել բավարար ապացույցներ։