Ապօրինի ծառահատումները կանխարգելելու նպատակով արդեն հինգ ամիս «Դիլիջան ազգային պարկը» հսկող «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամների և Հաղարծին գյուղի բնակիչների լարված հարաբերություններն ի վերջո ծեծկռտուքի պատճառ դարձան:
Ըստ գյուղացիների, 2 օր առաջ նախաձեռնության տղաները մտել են իրենց բակ, անվայելուչ խոսքեր ասել, ինչն էլ վիճաբանության է հանգեցրել: Մինչդեռ նախաձեռնության անդամ Հայկ Խառատյանը, որը վիճաբանության ընթացքում դեմքի վնասվածքներ է ստացել, պատմում է. «Մեր տղերքն ուրիշ բան կպատմեն։ էն, որ իրենք ուղղակի գնացել են, սկսել են գյուղացիների հետ շփվել, ընթացքում մարդիկ շատացել են, զրույցը թեժացել ա, ու առանց պատճառի․․․ այսինքն՝ էն պատճառը չկար, որ 40 հոգով 3 հոգու վրա հարձակվեին։ Անկառավարելի էր վիճակը, փորձեցինք պախկվել մեքենայի հետևը: Երբ գյուղացիներն արդեն չէին հասնում մեզ, սկսեցին քարերով, շշերով, երկաթի կտորներով հարվածել, մի կերպ փախանք»։
Մոտ երկու տասնյակ անդամ ունեցող «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը Հաղարծինի և Թեղուտի անտառներում սկսել է հսկողություն իրականացնել այն բանից հետո, երբ մեծ աղմուկ բարձրացավ այստեղ իրականացվող մեծաքանակ ծառահատումների մասին հաղորդումներից հետո։ Տարածարշջանի երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստնում գործունեություն ծավալող «Կովկասի բնության հիմնադրամի» ֆինանսավորմամբ նախաձեռնության անդամները ձեռք են բերել լեռնային մոտոցիկլետներ, տեսախցիկներ և այլ անհրաժեշտ իրեր, ինչից հետո սկսել են ստուգայցեր կատարել «Դիլիջան ազգային պարկ»։
Թեև «Դիլիջան ազգային պարկի» փոխտնօրեն Բենիամին Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գնահատում են տղաների աշխատանքը, սակայն հավելեց՝ ազգային պարկի պահպանությունն իրականացվում է 48 անտառապահների միջոցով, որոնց էլ վերահսկում է հատուկ ջոկատը: Այդ ամենը, ըստ նրա, բավարար է, և հավելյալ ուժերի կարիք այս պահին չունեն։ «Ազգային զարթոնքից հետո ծառահատումները հավասարվել են գրեթե զրոյի։ Մարդիկ ավելի գիտակից և պատասխանատու են դարձել»,- ասաց Սարգսյանը։
Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի վարչական ղեկավար Գևորգ Թամրազյանն «Ազատությանն» ասաց, որ դիմել է Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին՝ գյուղացիների և բնապահպանների միջև կոնֆլիկտը լուծելու համար․ «Արդեն էն աստիճանի ա հասել, որ այդ տղաների ներկայությունը չի հանդուրժում բնակչությունը՝ իրենց վարքի պատճառով»։
Գյուղացիներն ասում են՝ այո, նախկինում եղել են ծառահատումներ, սակայն հիմա նման դեպքերը բացառված են։ Վստահ են՝ բնապահպանների ներկայությունն անիմաստ է։ «Եթե էդ դեպքը կատարվեր անտառի մեջը, կասեի՝ հա, դուք ինքներդ, որ տենաք փողոցի միջով ոնց են մոտո քշում, մարդիկ փախչում են», «Մարդու հայաթում բասեին կա սարքած, կինը լողանում ա, կամերան ձեռին նկարում ա, էդի ճի՞շտ ա։ Թող գնան էստեղից, ժողովուրդն էդ ա ուզում», «Հաղարծինի գյուղացին ինքը կմտածի իր անտառի մասին, մեզ ասել պետք չի, մենք ինքներս անտառապահներ ենք, անտառը մերն է, թոռներինս, ծոռներինս, իմ թշնամին չեմ», «Ստեղ անտառտնտեսություն էլ կա, աշխատող էլ կա, իրանց ներկայությունն էստեղ պետք չի»,- դժգոհում էին գյուղացիները։
Մինչդեռ «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամ Հայկ Խառատյանն ասում է՝ անտառապահների աշխատանքը ոչ միշտ է արդյունավետ. «Քանի որ մեծ մասն ուղղակի ֆիզիկապես ոտքով են կատարում տարածքների հսկողությունը: Բացի այդ, կա մի մաս, որ ուղղակի կաշառակեր են ու թույլ են տալիս, որ ծառեր հատեն, տանեն վաճառեն»։
Ու թեև գյուղացիները չեն ցանկանում, որպեսզի բնապահպանները շարունակեն իրենց գործունեությունը, նախաձեռնության անդամ Հայկ Խառատյանն ասում է՝ իրենց պայքարը կիսատ չեն թողնի:
Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Հաղարծինում «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանություն կատարելու միջոցով անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածով։ Նախաքննությունը կիրականացնի Քննչական կոմիտեն։