Մատչելիության հղումներ

Ամուլսարի հարցով շրջակա միջավայրի աղտոտման տեղեկություններ են թաքցվել, հարուցվել է քրգործ. ՔԿ


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքով։

Կոմիտեն նշում է, որ քաղաքացուց հաղորդում է ստացվել՝ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ:

«Պարզվել է, որ «Գեոթիմ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը հետագայում վերանվանվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն է (ՊՈԱԿ) ներկայացրել ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի վարչական սահմաններում գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն, որի հիման վրա 2016թ. ապրիլի 29-ին նշված ՊՈԱԿ-ի կողմից տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն: Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները», - ասված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին (Շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելը կամ դրանք դիտավորյալ աղավաղելը) մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ` ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում այսօր հարուցվել է քրեական գործ։

«Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ արդեն կես ամսից ավելի փակ են պահում Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները հանքում:

Ակնկալվում էր, որ այս տարի պետք է մեկնարկեր Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագիրը: Բնապահպան ակտիվիստները պնդում են, որ ծրագիրն աղետալի ազդեցություն կունենա շրջակայքի ջրային ռեսուրսների վրա:

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնն ասել էր, որ 6 միլիոն դոլար են ծախսել բնապահպանական և ընկերության ազդեցության գնահատման ուսումնասիրությունների վրա, օգտվել են աշխարհի լավագույն խորհրդատվական ընկերություններից և վստահեցնում էր, որ կիրառելու են թթվային ապարների դրենաժի կառավարման լավագույն միջոցները, որոնց շնորհիվ շրջակայքի ջրերը չեն աղտոտվի:

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպեց «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների, բնապահպանների ու ջերմուկցիների հետ։

Վարչապետն առաջարկեց կառավարությանը ժամանակ տրամադրել Ամուլսարի հանքում ստուգումներ անցկացնելու համար, ցուցարարներն էլ պնդեցին, որ այդ ընթացքում հանքը չպետք է շահագործվի։ «Լիդիան» ընկերության ներկայացուցիչներն այս տարբերակն անընդունելի համարեցին։ Կողմերին այդպես էլ համաձայնության չեկան։

Հուլիսի 16-ին ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը չի կարող փակել Ամուլսարի հանքը, եթե դրա համար չլինեն իրավական հիմնավորումներ: Միաժամանակ, վարչապետը հիշեցրեց, որ բնապահպանական տեսչությունը ստուգումներ է սկսել Ամուլսարում, իշխանությունները քննում են ստեղծված իրավիճակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG