Մատչելիության հղումներ

Ջերմուկում ավարտվել է Ամուլսարում ոսկու արդյունահանման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների, բնապահպանների ու ջերմուկցիների հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Վարչապետն առաջարկեց կառավարությանը ժամանակ տրամադրել Ամուլսարի հանքում ստուգումներ անցկացնելու համար, ցուցարարներն էլ պնդեցին, որ այդ ընթացքում հանքը չպետք է շահագործվի։ «Լիդիան» ընկերության ներկայացուցիչներն այս տարբերակն անընդունելի համարեցին։

Կողմերին այդպես էլ համաձայնության չեկան։ Ցուցարարները հայտարարեցին, որ շարունակելու են բողոքի ակցիաները և չեն պատրաստվում բացել հանք տանող ճանապարհները։

Նշենք, որ Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ արդեն 10 օր փակ են պահում Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները հանքում:

Ակնկալվում էր, որ այս տարի պետք է մեկնարկեր Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագիրը: Բնապահպան ակտիվիստները պնդում են, որ ծրագիրն աղետալի ազդեցություն կունենա շրջակայքի ջրային ռեսուրսների վրա: Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնն ասել էր, որ 6 միլիոն դոլար են ծախսել բնապահպանական և ընկերության ազդեցության գնահատման ուսումնասիրությունների վրա, օգտվել են աշխարհի լավագույն խորհրդատվական ընկերություններից և վստահեցնում էր, որ կիրառելու են թթվային ապարների դրենաժի կառավարման լավագույն միջոցները, որոնց շնորհիվ շրջակայքի ջրերը չեն աղտոտվի:

Երեկ վարչապետը՝ Կապանում անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, ասաց, որ իր իշխանության օրոք հանքերը շահագործվելու են Հայաստանի Հանրապետության օրենքի տառին համապատասխան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG