Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրգործ՝ հանքարդյունաբերության ոլորտում ապօրինի հակամրցակցային գործունեություն իրականացնելու դեպքով. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հանքարդյունաբերության ոլորտում ապօրինի կերպով հակամրցակցային գործունեություն իրականացնելու դեպքով:

Ըստ հաղորդագրության, կոմիտեում ստացվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած գործարքների ուսումնասիրության արդյունքները, որոնք առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ։

«Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ տարածքում հանքարդյունաբերությամբ և երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց և կազմակերպությունների կողմից ու վաճառվել Կայմանյան կղզիներում գտնվող կազմակերպություններին։ Ընդ որում, 17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ կոմիտեի, նախնական տվյալներով՝ Հայաստանում գրանցված ընկերությունների և ակտիվների սեփականությունը և դրանց տնօրինումն իրականացվում է միևնույն կենտրոնից, ինչի հետևանքով հանքարդյունաբերության ոլորտում գործող բազմաթիվ կազմակերպություններ հայտնվել են մեկ կազմակերպության կառավարման տակ, ինչը հանգեցրել է ապրանքային շուկաներում մրցակցության կրճատմանը և կենտրոնացվածության մեծացմանը:

«Նկատի ունենալով, որ նշված ընկերությունների պատասխանատու անձանց գործողություններում առերևույթ առկա են հակամրցակցային գործունեության հատկանիշեր՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի մենաշնորհային գներն արհեստական բարձրացնելը կամ իջեցնելը կամ պահպանելը, ինչպես նաև մրցակցությունը սահմանափակելը նախնական համաձայնությամբ կամ համաձայնեցված գործողությունների միջոցով, որն ուղղված է շուկան տարածքային սկզբունքով բաժանելուն, այլ տնտեսավարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն, տնտեսավարող այլ սուբյեկտներին շուկայից դուրս մղելուն, խտրական գներ սահմանելուն կամ պահպանելուն): Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG