Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետության» (ԻՊ) երբեմնի ամենաազդեցիկ դաշտային հրամանատարներից մեկի` 2016-ին Մոսուլի մերձակայքում սպանված Աբու Օմար Ալ-Շիշանիի ընտանիքի անդամներին:
Reuters-ի տեղեկություններով` Ալ-Շիշանիի այրին և երկու երեխաները բերման են ենթարկվել հուլիսի 4-ին Ստամբուլում իրականացված հատուկ գործողության ընթացքում: «Մի քանի օր տևած հարցաքննություններից հետո է միայն թուրք իրավապահներին հաջողվել պարզել կնոջ ինքնությունը», - հաղորդում է գործակալությունը:
Ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ դաշտային հրամանատարի այրին Չեչնիայի նախկին բնակչուհի Սեդա Դուդուրկաևան է, որն «Իսլամական պետություն» խմբավորմանը միանալու նպատակով Սիրիա էր տեղափոխվել 2013 թվականին:
Վրաստանի քաղաքացի, վրացական բանակի նախկին սպա, ազգությամբ չեչեն Թարխան Բատիրաշվիլին «Իսլամական պետություն» խմբավորմանը միացել էր 2012 թվականին` ընդունելով Աբու Օմար Ալ-Շիշանի անունը: Դաշտային հրամանատարը ընդգրկված էր ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից կազմված առավել վտանգավոր միջազգային ահաբեկիչների ցանկում: