«Իսլամական պետության»-ը (ԻՊ) մոտ կանգնած «Ամաք» լրատվական գործակալությունը երեկ հաստատել է, որ ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Աբու Ումար աշ-Շիշանի (Չեչենսկի), Օմար ալ-Շիշանի մականուններով հայտնի Թարխան Բատիրաշվիլին սպանված է:
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ, «Ամաք»-ը, վկայակոչելով իր «ռազմական աղբյուրը», հաղորդել է, որ Շիշանին սպանվել է «Շարքաթ ավանում, երբ մասնակցում էր Մոսուլ քաղաքի վրա ռազմական արշավը ետ մղելուն»:
Պենտագոնը, մինչդեռ, այս տարվա մարտին հաղորդել էր, որ Բատիրաշվիլին սպանվել է Սիրիայի հյուսիսարևելքում ամերիկյան օդային հարձակումների հետևանքով ստացած վնասվածքներից:
Մոսուլը, հիշեցնենք, ներկայումս «Իսլամական պետության» կողմից Իրաքի տարածքում վերահսկվող միակ քաղաքն է, և իրաքյան զինված ուժերը գործողություններ են իրականացնում՝ նախապատրաստվելով Մոսուլի ազատագրմանը:
Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը ահաբեկչական խմբավորումը գրավել է 2014 թվականի հունիսին:
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ բացի Բատիրաշվիլիից, մարտին իր գործողությունների արդյունքում սպանվել է նաև «Իսլամական պետության» առաջնորդի տեղակալ Աբդ առ-Ռահման Մուսթաֆա ալ-Քադուլին: