Մատչելիության հղումներ

Շիրակցի համայնքապետերի պնդմամբ, ռուսական զինտեխնիկայի պատճառով իրենց ճանապարհները շարքից դուրս են գալիս


Ռուսական ռազմաբազայի ծանր զինտեխնիկայի տեղաշարժի պատճառով Շիրակի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում և մարզկենտրոն Գյումրիում ճանապարհներ են շարքից դուրս գալիս, սակայն ռուսական կողմը որևէ պարտավորվածություն չունի նույնիսկ իր կողմից հասցված վնասը վերականգնելու:

Գյումրիում 10 կմ ճանապարհ վերականգնելու պայմանավորվածություն կար դեռ 3 տարի առաջ, սակայն մինչ օրս հայ-ռուսական միջգերատեսչական հանձնաժողովը համաձայնություն չի տվել։ Մինչ այդ՝ դեպի Կամխուդ ու Ալագյազ ռուսական ուսումնավարաժարաններ տանող ճանապարհներին գրեթե ամեն օր կարելի է տեսնել ռուսական ծանր տեխնիկայի տեղաշարժը:

Ալագյազի ուսումնառազմական բազա տանող ճանապարհն անցնում է Փանիկ գյուղով: Համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը վերջերս Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին դիմեց, որ ռուսական կողմը վերանորոգի գյուղի ճանապարհները, որոնք ծանր, երբեմն նաև թրթուրավոր տեխնիկայի տեղաշարժի պատճառով շատ արագ քայքայվում են: Օրեր առաջ Մակեյանը ստացել էր դեսպանի պատասխանը՝ «դա միջպետական պայմանավորվածության հարց է և Ձեր երկիրն է պատասխանատու դրա համար»:

Մի քանի տարի առաջ հիմնանորոգված ճանապարհի վրա հիմա համայնքային բյուջեի միջոցներով միայն փոսային նորոգումներ են իրականացվում: Դիմել են նաև Տրանսպորտի ու կապի նախարարություն, այնտեղից էլ ըստ Մակեյանի ստացել են հերթական «շաբլոն պատասխանը»․ - «Դա համայնքի ճանապարհն է և համայնքը պետք է շահագործի: Ես դեմ չեմ՝ համայնքը շահագործի սովորական տեխնիկայի համար, բայց գերծանր տեխնիկայի համար համայնքը ի վիճակի չէր շահագործելու և պաշտպանելու»:

Վարդան Մակեյանը առաջարկում է տեղական բյուջեով լրացուցիչ գումար ապահովել, որն էլ կուղղվի ճանապարհների պահպանությանն ու վերանորոգմանը․ - «Էդ դեպքում թող ռուսաստանի գերծանր տեխնիկաները գույքահարկ մուծեն իմ բյուջեն, որպեսզի համայնքն էլ կարողանա էդ գույքահարկի հաշվին ճանապարհները վերանորոգի: Երկու տանկ բարձած բեռնատարը անցնում է, դա ինքնին արդեն ասֆալտը քանդում է: Օրական 50-100 տեխնիկա գնում են Արագած՝ հետ են գալիս»:

Ոչ միայն Կամխուտ, այլ նաև դեպի Ալագյազ ուսումնավարժարան տանող ճանապարհին մեծաթիվ փոսեր են գոյացել: Ճանապարհները միջհամայնքային են, դրանց նորոգման համար համայնքային բյուջեներից այդպես էլ հատկացում չի արվում, գյուղապետերի պնդմամբ՝ գումարի սղության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG