Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ում քրեական գործ է հարուցվել «Հյուսիս-Հարավում» հնարավոր չարաշահումները պարզելու համար


Դրվագ «Հյուսիս-Հարավ» մայրուղու Երևան-Արարատ հատվածից, արխիվ
Դրվագ «Հյուսիս-Հարավ» մայրուղու Երևան-Արարատ հատվածից, արխիվ

Պետեկամուտների կոմիտեում «մի քանի դրվագով» քրեական գործ է հարուցվել պարզելու՝ արդյո՞ք «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման ընթացքում չարաշահումներ են եղել: Այսօր այս մասին «Ազատությանը» հայտնեցին ՊԵԿ-ից՝ այլ մանրամասներ չհաղորդելով:

«Հյուսիս-Հարավին» առնչվող քրեական գործի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը: «Բոլորովին չասացի, որ նախկինում չարաշահումներ չեն եղել, ես դա չեմ հերքում: Ուղղակի ասում եմ, որ ես չեմ կարող խոսել դրա մասին, որովհետև իմ տեղեկություններով, այսօր կա հարուցված քրեական գործ, և դրանով զբաղվում են պատկան մարմինները»,- ասաց Աշոտ Հակոբյանը:

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիրը մեկնարկել է 9 տարի առաջ: Ծրագիրը վարկավորող Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանի կառավարությունն առաջին փաստաթուղթը ստորագրել է դեռ 2009 թվականին: Ի սկզբանե նախատեսվում էր ողջ ճանապարհի կառուցումն ավարտել 2016-ին, սակայն մայրուղու շինարարական աշխատանքները սկսվեցին բանկի հետ պայմանագրի կնքումից միայն երեք տարի անց՝ 2012 թվականին:

Վարկային միջոցները ժամանակին չօգտագործելու համար Հայաստանը բանկին որոշակի տույժ վճարեց: Առ այսօր Հայաստանի կառավարությունն ու բանկի ներկայացուցիչները հրաժարվում են նշել, թե որքան է կազմում տույժի գումարը: Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ եթե մայրուղու շինարարության մեկնարկին՝ 2012 թ․ սեպտեմբերին կառավարության ներկայացուցիչները պնդում էին, որ 556 կիլոմետրանոց ողջ ճանապարհը հայաստանյան հարկատուներին կարժենա 962 միլիոն դոլար, ապա անցած տարվա սեպտեմբերին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը երկու անգամ ավելի մեծ գումարի մասին խոսեց՝ 2 միլիարդ դոլար:

Ներկայիս նախարար Աշոտ Հակոբյանն ընդհանրապես հրաժարվեց ասել, թե երբ կավարտվի մայրուղու կառուցումը, որովհետև ճանապարհի շինարարության համար ամբողջական ֆինանսավորում դեռևս չկա: Հակոբյանը չասաց նաև, թե «Հյուսիս-Հարավը», ի վերջո, որքան կարժենա: Պատճառն այն է, որ ճանապարհի ամբողջական նախագիծն անգամ պատրաստ չէ: «Անլուրջ կլինի, եթե մենք ասօր կոնկրետ ժամկետ նշենք, որովհետև ունենք հատվածներ, որոնց նախագծման աշխատանքները նոր են սկսվելու, ունենք նաև ֆինանսավորման խնդիր»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ «Հյուսիս-Հարավի» կառուցումը ֆինանսավորելու համար Հայաստանի կառավարությունն արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերել Ասիական զարգացման բանկի, Եվրոպական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ 540 միլիոն դոլարի վարկ վերցնելու շուրջ: Այդ գումարից ձևակերպվել է 222 միլիոնը, որից էլ կառուցող կազմակերպություններին արդեն իսկ վճարվել է 56,5 միլիոն դոլար:

Սակայն պարզվել է՝ ֆինանսավորումը բավարար է միայն 160 կիլոմետր երկարությամբ ճանապարհի կառուցման համար, մայրուղու մնացած հատվածի համար, ինչպես նշվեց, կառավարությունը դեռ ֆինանսավորում չի գտել: «Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ առաջին տրանշում հայտնաբերվել են թերություններ: Դրանք վերացվել են շինարարի կողմից և հիմա էլ վերացվում են: Առաջին տրանշը թեև շահագործման է հանձնվել 2016 թվականին, այնուամենայնիվ, այդ ճանապարհը դեռ ամբողջությամբ ընդունված չէ, գտնվում է որակի երաշխիքային ժամեկտում և ավարտական վկայականը դեռևս թողարկված չէ: Շինարարը վերացնելու է որակի հետ կապված բոլոր թերացումները»,- ասաց Աշոտ Հակոբյանը:

Այսօր ուշագրավ հայտարարություն արեց «Հյուսիս-Հարավ»-ի որակի հսկողությունն իրականցնող «Սաֆեժ» կազմակերպության աշխատանքային խմբի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը: Խոսելով հայտնաբերված թերացումների մասին, նա ասաց․

«Այս նախագծի համար ընտրվել էին AASHTO-ի (Պետական մայրուղիների և տրանսպորտային ոլորտի պաշտոնյաների ամերիկյան ասոցիացիայի) չափանիշները, ամենայն հավանականությամբ, ելնելով ֆինանսական հաստատությունների պահանջներից: Սակայն սովորաբար մենք այդ չափանիշները հարմարեցնում ենք տեղական պայմաններին: Դժբախտաբար՝ այս նախագծում դա չէր արվել: Տեղյակ չեմ, թե որն է պատճառը, մոտ 10 տարի է անցել, Հայաստանի կառավարությունը պատասխանատու չէ, հավանաբար՝ Ասիական զարգացման բանկն է պատասխանատու»,- ասաց Դիմիտրիևիչը:

Ասիական զարգացման բանկից խոստացան ավելի ուշ արձագանքել այս հայտարարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG