Մատչելիության հղումներ

Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար. ՀՔԾ


Բռնության ենթարկված լրագրող Տիրայր Մուրադյանը հիվանդանոցում, 19-ը ապրիլի, 2018 թ․
Բռնության ենթարկված լրագրող Տիրայր Մուրադյանը հիվանդանոցում, 19-ը ապրիլի, 2018 թ․

Այսօր ոստիկանին Ա. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, հանդիսանալով ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ոստիկանության մեկ այլ ծառայողի` Ս. Թ.-ի հետ խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությունը:

Ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության, 2018 թվականի ապրիլի 19-ին կառավարական 3-րդ մասնաշենքի հարակից տարածքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, այդ թվում` օպերլիազորներ Ա. Թ.-ն և Ս. Թ.-ն:

«Վերջիններս, նկատելով, որ լրագրող Տիրայր Մուրադյանը տեսախցիկի միջոցով լուսաբանում է ինչպես տվյալ վայրում բողոքի զանգվածային ակցիաներ իրականացնող քաղաքացիների և ոստիկանության ծառայողների, այնպես էլ իրենց գործողությունների ընթացքը, տեսախցիկի տիրույթում չհայտնվելու, ինչպես նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել են Տիրայր Մուրադյանին: Ս. Թ.-ն հարվածել է վերջինիս կրծքավանդակին, այնուհետև, անտեսելով լրագրող լինելու մասին նրա հավաստիացումները և լրագրող հանդիսանալու հանգամանքը հաստատող վկայականի առկայությունը, Ա. Թ.-ի հետ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել Տ. Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, նրան պատճառել մարմնական վնասվածքներ», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՀՔԾ-ի, վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը) 14.06.2018թ.-ին մեղադրանք էր առաջադրվել նաև ոստիկան Ս. Թ.-ին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG