Մատչելիության հղումներ

Լրագրողը պնդում է՝ իրեն ծեծել են ոստիկանների ներկայությամբ, վերջիններս չեն միջամտել


Բռնության ենթարկված լրագրող Տիրայր Մուրադյանը հիվանդանոցում, 19-ը ապրիլի, 2018 թ․

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը, ով «Ազատության» հետ հարցազրույցի պահին գտնվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտոնի վերակենդանացման բաժանմունքում, պատմեց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցույցը լուսաբանելիս առավոտյան, Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել իրեն:

Չնայած հանգամանքին, որ Մուրադյանը պարբերաբար ներկայացել է, ասել է, որ լրագրող է, ցույց է տվել վկայականը, դիմել տեղում ծառայություն իրականացնող «հրեշտակների ջոկատի» ոստիկաններին, վերջիներս չեն միջամտել: Մեզ հետ զրույցում լրագրողը պնդեց, որ այդ տարածքում կայանած միկրոավտոբուսում նույնպես ոստիկաններ կային, ովքեր ակնհայտորեն տեսել են, որ իրեն ծեծի են ենթարկում, սակայն նրանք ևս որևէ կերպ չեն միջամտել: «Ձեռքով հրեց [ոստիկանը], իր արհամարական ժեստը չեմ կարող մոռանալ»,- վերհիշեց Տիրայր Մուրադյանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արայիկ Մինասյանը մեր այցելության պահին հետաքրքրվում էր լրագրողի առողջական վիճակով: Ասաց, որ Մուրադյանն ունի գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ՝ ձախ քունքի ծոծրակային հատվածում: Թեև բժիշկներն ասացին, որ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ ստացած Տիրայր Մուրադյանն առնվածն 7 ժամ պետք է մնա հվանդանոցում, նա ինքնակամ ավելի շուտ է դուրս գրվել հիվանդանոցից ու գնացել տուն: «Ազատությանն» ասաց՝ մի քիչ կհանգստանա ու կրկին կգնա ցույցը լուսաբանելու:

Տիրայր Մուրադյանն «Ազատությանը» փոխանցեց նաև, որ իրեն հիվանդանոցում ոստիկաններ են այցելել, ինքն էլ հենց տեղում 2 դրվագով հաղորդում է տվել հանցագործության մասին՝ մեկն իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, իրեն բռնության ենթարկելու, մյուսն էլ՝ ոստկանների անգործության մասով:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը «խստորեն» դատապարտել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքը՝ հայատարարելով, որ սա արդեն երկրորդ նման միջադեպն է՝ նախօրեին Երևանի Մաշտոց-Թումանյան խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագրի նկատմամբ կիրառված բռնությունից հետո։

Միությունն իրավապահ մարմիններից պահանջում է «հետամուտ լինել տեղի ունեցածի բոլոր հանգամանքների պարզմանը և պատասխանատվության ենթարկել հանցագործության մասնակիցներին»։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս դատապարտելի է որակել լրագրողի նկատմամբ գործադրված բռնությունն ու նշել, որ քննարկման ընթացակարգ է սկսել։

Գլխավոր դատախազությունը լրագրող Տիրայր Մուրադյանի՝ բռնության ենթարկվելու մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն ուղարկել է Քննչական կոմիտե:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG