Մատչելիության հղումներ

Պուտինը հուսով է, որ ինքը և Թրամփը կատարել են հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին քայլը


Հելսինկի, 16-ը հուլիսի, 2018 թ․
Հելսինկի, 16-ը հուլիսի, 2018 թ․

Արդյո՞ք հուլիսի 16-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների վարած բանակցություններն իրավիճակ են փոխել երկու երկրների հարաբերություններում: Պատասխանելով ամերիկյան Fox News հեռուստաընկերության լրագրողի այս հարցին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե ինքը և Թրամփը հանգել են այն մտքին, որ պետք է միասին աշխատել, ոչ թե հակամարտել միմյանց հետ: «Համարում եմ, որ սա ճանապարհի սկիզբն է, սա մեկնարկն է»,- ասել է Պուտինը:

Հարցազրույցի ընթացքում ՌԴ նախագահին նաև ամերիկյան ընտրութուններին ՌԴ հատուկ ծառայությունների հնարավոր միջամտության մասին հարցն է ուղղվել: Պուտինը հերթական անգամ հերքել է այդ պնդումը, ասելով՝ հաքերերն ընդամենը հրապարակել են Դեմոկրատական կուսակցության նամակագրությունը, և Ռուսաստանի դեմ արշավ սկսելով՝ ամերիկյան կողմը փորձում է պարզապես շեղել հասարակ ամերիկացիների ուշադրությունը: Հարցի համատեքստում Պուտինը շեշտել է՝ Վաշինգտոնն ու Մոսկվան ունեն համապատասխան պայմանագիր, և եթե կան ռուսաստանցիներին առնչվող քրեական գործեր, ապա դիմելու դեպքում ռուսաստանյան համապատասխան կառույցները պատրաստ են համագործակցել:

Պուտինը հերքել է նաև պնդումները, թե ՌԴ հատուկ ծառայությունները Թամփին վարկաբեկող նյութեր ունեն, կրկնելով արդեն հնչեցրած բացատրությունը՝ երբ տարիներ առաջ գործարար Թրամփն այցելել էր Ռուսաստան, վերջինս այն ժամանակ չէր էլ հայտարարել, թե մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին, հետևաբար՝ որևէ հետաքրքրություն Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար նա չէր ներկայացնում: Fox News-ի հետ զրույցում Պուտինը նաև շեշտել է՝ եթե Ուկրաինան կամ Վրաստանն անդամակցեն ՆԱՏՕ-ին, Մոսկվայի արձագանքը խիստ բացասական կլինի, քանի որ դա «ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի համար»:

Դեռևս մինչ ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները, ԱՄՆ նախագահը «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե Ղրիմը Ռուսաստանի մասն է, քանի որ այնտեղ բոլորը խոսում են ռուսերեն: Fox News-ի հարցազրույցում Պուտինն ասել է, թե Թրամփի հետ հանդիպմանն ընդամենը ձևակերպել է Ղրիմի հարցի վերաբերյալ իր մոտեցումը: Իսկ Թրամփի տեսակետն այն մասին, որ Ղրիմն Ուկրաինա պետության մասն է, դա Պուտինին հայտնի է, և այլ քննարկում այդ հարցի շուրջ չի եղել: Ուշագրավ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ռուսաստանի նախագահի ձևակերպմամբ՝ բնակչության կամարտահայտությունը «ժողովրդավարության իրագործման միակ ձևն է», և Ղրիմում հենց դա է իրագործվել:

Սովորության համաձայն՝ Պուտինը խուսափել է պատասխանել իր ընդամիախոսներին, մասնավորապես, լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանությանը վերաբերող հարցին: Նա ևս մեկ անգամ պնդել է, որ բրիտանական կողմը Մոսկվային որևէ ապացույց չի ներկայացրել, կապված Սկրիպալների թունավորման գործում ռուսների հնարավոր մասնակցության հետ:

Fox News-ի հետ զրուցում ամփոփելով Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպումը, Պուտինն ասել է․ «Մենք շահագրգռված ենք անվտանգության, ռազմավարական կայունության, ճգնաժամերի կարգավորման, ահաբեկչության դեմ պայքարի, տնտեսական ոլորտներում ԱՄՆ-ի հետ համագործակցելու հարցում: Հուսով եմ, որ մենք նախագահ Թրամփի հետ այդ ուղղությամբ առաջին քայլն արել ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG