Մատչելիության հղումներ

Հայաստանը կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արևմուտքի ու Արևելքի միջև. Արմեն Սարգսյան


Ներկայումս Հայաստանի ընդհանուր մթնոլորտը դրական է. «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում կատարվող փոփոխությունները շատերի կողմից դրական են ընկալվում, ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ընդգծելով՝ դեպի լավը փոփոխությունների մեծ սպասումներ կան, և կարևոր է, որ դրանք իրական արդյունքների վերածվեն տնտեսության, բիզնեսի մեջ։

«Իմ տեսլականը հետևյալն է. մենք այսօր ունենք հսկայական առավելություն, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք: Եվ երբ ասում եմ՝ ներդրումներ կատարեք Հայաստանում, դա չի նշանակում, որ կոչ եմ անում ներդրում կատարել 3.5 մլն բնակչությամբ երկրում: Հայաստանը կարող է կամուրջ կամ անգամ դուռ դառնալ դեպի հսկայական եվրասիական տարածք, որտեղ ապրում է ավելի քան 170 մլն մարդ», - ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ասել է Սարգսյանը՝ շարունակելով. - «Մեր օրերում, երբ նշանակալի են ոչ այնքան բնական ռեսուրսները, որքան նոր տեխնոլոգիաներն ու մշակումները, Հայաստանը կարող է շեշտը դնել դրա վրա: Մեզանում հիմա տեխնոլոգիաները շատ լավ են զարգանում, և այդ ոլորտի շատ համաշխարհային ընկերություններ արդեն աշխատում են մեզ մոտ»:

Ըստ նախագահի, Հայաստանը կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արևմուտքի ու Արևելքի միջև, ստեղծել իր նոր տեխնոլոգիաները, որոնք կունենան միջազգային որակ, և դրանք տարածել եվրասիական շուկայում:

«Վերջերս Ֆրանսիայում էի, հասցրեցի հանդիպել ֆրանսիական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, օրինակ, Dassault Systèmes, Orange, THALES: Հանդիպումներ եղան ոչ միայն բարձրտեխնոլոգիական ընկերությունների հետ. հանդիպեցի նաև Chanel-ի սեփականատիրոջը: Հայաստանում ոսկերչական գործի ավանդույթներն ամուր են, և վատ չէր լինի միավորել մեր ավանդույթներն ու համաշխարհային տեխնոլոգիաները», - ասել է Սարգսյանը:

Դիտարկմանը, թե իշխանափոխությունից հետո ակտիվացել է Հայաստան հայրենադարձության գործընթացը, և հարցին, թե պատրա՞ստ է արդյոք երկիրը տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձին, աշխատանք կա՞ նրանց համար, օրինակ՝ սիրահայերը կարողացե՞լ են հարմարվել պատմական հայրենիքում, Արմեն Սարգսյանը պատասխանել է. - «Իսկապես, հիմա մեծ հոսք կա: Հայրենադարձների համար գրավիչ ծրագրերը կառավարության՝ գործադիր իշխանության առանձնաշնորհն են: Իմ կողմից, բնականաբար, լիակատար աջակցություն կլինի, կլինեն նախագահական նախաձեռնություններ: Ի՞նչ քայլեր են այստեղ անհրաժեշտ՝ ներդրումային ծրագրերից բացի: Կարևորը, որ երկրում մթնոլորտը նորմալ լինի. չլինի կոռուպցիա, որ դատարանները նորմալ աշխատեն, որ մարդիկ իմանան՝ իրենց խնդիրները օրինական լուծում կստանան: Եվ հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ: Սիրիայից եկողներից շատերը պատերազմի պատճառով կորցրել են բացարձակապես ամեն ինչ: Նրանք տեղափոխվում են Հայաստան և ամեն ինչ սկսում զրոյից: Եվ նրանք չեն ուզում հեռանալ, այսինքն, Հայաստանը նրանց համար տարանցիկ կայան չէ, նրանք ցանկանում են այստեղ ապրել»:

Մեկ այլ հարցի, թե իր կարծիքով՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի երիտասարդությունը դպրոցից հետո չհեռանա երկրից, նախագահը պատասխանել է. - «Դա նույնպես ավելի շատ գործադիր իշխանության խնդիրն է: Բայց, միաժամանակ, կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում հնարավոր չէ ինչ-որ մեկին պահել նույն տեղում: Ընդհակառակը, պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի երիտասարդությունը մեկնի սովորելու Ռուսաստան, այլ երկրներ, աշխարհի լավագույն բուհեր, հետո վերադառնա տուն և երբեք չկորցնի Հայրենիքի հետ կապը: Հայաստանի համար մոդելը պարզ է՝ փոքր երկիր, բայց գլոբալ ազգ: Չէ՞ որ սփյուռքն այսօր Հայաստանի հսկայական առավելությունն է: Ուստի, ուժեղ սփյուռք՝ ուժեղ Հայաստան: Ի դեպ, հայկական ամենամեծ սփյուռքը հենց Ռուսաստանում է և մեզ ամենամոտը՝ թե ֆիզիկապես, թե ոգով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG