Ֆրանսիան շահել է ֆուտբոլի Ոսկե գավաթը, հորդառատ անձրևի տակ բաղձալի մրցանակը շնորհել են երջանիկ հաղթողներին, նրանց «Լուժնիկի» մարզադաշտում շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Առաջնությունն ավարտվել է:
Թվում էր, թե Կրեմլի համար շատ բարենպաստ իրավիճակ է, որովհետև ռուսներն, ըստ ՖԻՖԱ-ի ղեկավարների և օտարերկրացի մեկնաբանների, իսկապես լավ են կազմակերպել առաջնությունը:
Այս տարվա մարտին Վլադիմիր Պուտինը հերթական անգամ վերընտրվել է նախագահի պաշտոնում՝ ստանալով քվեների 77 տոկոսը, ինչը չափազանց բարձր ցուցանիշ է, թեպետ, ըստ վերլուծաբանների, շատերը խոստովանել են, որ քվեարկել են հօգուտ գործող նախագահի, քանի որ իրական այլընտրանք չի եղել:
Եվ ահա ամռանն էլ համաշխարհային նշանակության միջոցառում՝ ֆուտբոլի առաջնություն, որը համարվում է լուրջ նվաճում:
Բայց զարմանալի, թեպետ գուցե ժամանակավոր միտում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշն անկում է գրանցում:
Վերջերս «Լևադա» կենտրոնն անցկացրել է հարցախույզ, որի արդյունքների համաձայն՝ Վլադիմիր Պուտինի աշխատանքը դրական գնահատող ռուսաստանցիների թիվը ներկայում 65 տոկոս է, մինչդեռ մայիսին 79 տոկոս էր:
Պուտինի աշխատանքը բացասական գնահատողների թիվը 20-ից բարձրացել է մինչև 31 տոկոս:
Բացասական միտում է նաև կառավարության աշխատանքի գնահատման հարցում. այն դրական գնահատողների թիվը 43 տոկոսից իջել է մինչև 34 տոկոս, իսկ բացասական գնահատողների թիվը 51-ից հասել է 61 տոկոսի:
«Լևադա» կենտրոնը հաղորդում է, որ 56-ից մինչև 46 տոկոս է իջել երկրի ընթացքը ճիշտ համարող ռուսաստանցիների թիվը: Նրանք, ովքեր համոզված են, որ երկիրը սխալ ճանապարհով է ընթանում, հարցվածների 42 տոկոսն են կազմում, անցյալում այդ մարդկանց թիվը 27 տոկոս էր:
Ըստ վերլուծաբանների, այս բացասական միտումների հիմքում երկրի տնտեսական և սոցիալական վիճակի վատթարացումն է:
«Լևադա» կենտրոնի տնօրեն Լև Գուդկովի համոզմամբ, ռուսաստանցիներին խիստ մտահոգում է Դաշնության տնտեսական իրավիճակը, թոշակների համակարգի փոփոխությունը:
Ռուսաստանցիների համար հիրավի տհաճ էր թոշակի անցնելու տարիքը տղամարդկանց համար 60-ից 65-ի, իսկ կանանց համար՝ 55-ից 63-ի աստիճանաբար հասցնելու գործադիրի նախաձեռնությունը:
Այն մեծ վրդովմունք է առաջացրել, չնայած Կրեմլի քարոզչական մեքենան զօրուգիշեր փորձում է համոզել, որ դա շատ ճիշտ որոշում է, որը կպաշտպանի թոշակառուների շահերը և կնպաստի երկրի հետագա զարգացմանը:
Ըստ «Լևադա» կենտրոնի, ռուսաստանցիներին անհանգստացնում է նաև անորոշությունը թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային ասպարեզում:
Վլադիմիր Պուտինի վարկանիշի անկում են գրանցել հանրային կարծիքի ուսումնասիրություններ իրականացնող ևս երկու հաստատություններ՝ ФОМ-ը՝ Հանրային կարծիքի հիմնադրամը, և ВЦИОМ-ը՝ Հանրային կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնը: