Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել։
Ըստ Ծառայության, Մ. Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել (Քրեական օրենսգրքի 38-1542-րդ հոդվածի 2-րդ մաս) հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարի պաշտոնը, օժանդակել է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուին` նրա օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու հանցագործության կատարմանը:
«Այսպես, Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական փուլում` 2017թ.-ի մարտ ամսին, Մ. Մովսիսյանը, հանդիսանալով ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուի` Մալիշկա համայնքի նախընտրական շտաբի ղեկավար, թեկնածուի օգտին 1300 ձայն ապահովելու և այդ նպատակով ընտրակաշառքներ բաժանելու համար վերջինիցս առձեռն ստացել է ընդհանուր` 13.000.000 դրամ գումար, որը որպես ընտրակաշառք բաժանել է Մալիշկա համայնքի բնակիչներին` 10.000-ական դրամ մեկ ձայնի դիմաց: Մ. Մովսիսյանը, ապահովելով շուրջ 800 ձայն, ըստ նախնական պայմանավորվածության, ԱԺ պատգամավորի նույն թեկնածուին վերադարձրել է 500 ձայնի դիմաց հաշվարկված 5.000.000 դրամ գումարը», - ասված է հաղորդագրությունում:
Հուլիսի 14-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Մ. Մովսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: