Մատչելիության հղումներ

«Թրամփը կարող է իր օգտին գրանցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը»


ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանում է ասուլիսի, Բրյուսել, 12-ը հուլիսի, 2018թ․
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանում է ասուլիսի, Բրյուսել, 12-ը հուլիսի, 2018թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է իր օգտին գրանցել Բրյուսելում երեկ ավարտված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Այդ տեսակետն են հայտնում Reuters-ի վերլուծաբաններ Ջեֆ Մասոնը և Սաբինա Զիբոլդը:

Դեռ շաբաթներ առաջ Վաշինգտոնը նկատել է տվել, որ այլևս չի հանդուրժի ամերիկացի շարքային հարկատուի շահերի ոտնահարումը: Թրամփը նամակներով դիմել է ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ղեկավարներին և պնդել, որ բրյուսելյան գագաթնաժողովի առանցքային թեմա կդարձնի պաշտպանության ծախսերն ավելացնելու խնդիրը:

Թրամփի պնդմամբ, Ամերիկան ապահովում է ՆԱՏՕ-ի բյուջեի մոտ 90 տոկոսը: Եվրոպացի դաշնակիցները ծախսերն ավելացնելու խոստումներ են տվել, սակայն շատ բան չի փոխվել:

Նա Բրյուսելում ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է զրկվել ամերիկյան աջակցությունից, եթե առանձին անդամ-երկրները չավելացնեն հատկացումները: Նա ասել է, թե անարդար է, երբ միայն Ամերիկայի ուսերին է դրվում դաշինքի ֆինանսավորման մեծ մասը:

Երեկ Թրամփը գագաթնաժողովից հետո ասել է, որ բանակցությունները հաջողությամբ են ավարտվել, քանի որ անդամ-երկրները հստակ խոստացել են համախառն ներքին արդյունքի 2 տոկոսին հասցնել հատկացումները:

«Թրամփը պահանջել է մինչև 2019 թվականի հունվար ավելացնել ծախսերը, պնդելով, որ հակառակ դեպքում կհրաժարվի հետագա քննարկումից», - ասել է մի պաշտոնյա, որի անունը Reuters-ը չի հրապարակում:

Երեկ Բրյուսելում մի պահ նույնիսկ լուր շրջանառվեց, թե ԱՄՆ նախագահը սպառնացել է դուրս հանել երկիրը դաշինքից:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքը կարող է առանց Կոնգրեսի հավանության դուրս բերել Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի կազմից, Թրամփն ասել է, թե հավանաբար կարող է, բայց դրա անհրաժեշտությունը չկա:

«Ի վերջո, ամեն ինչ կարգավորվեց, թեժ վեճ էր, բայց հարցը լուծվեց», - ասել է Թրամփը: Նրա համոզմամբ՝ ՆԱՏՕ-ն դրանից միայն ավելի ուժեղ դարձավ:

«Այսօր ՆԱՏՕ-ն ավելի հզոր է, քան երկու օր առաջ», - գագաթնաժողովից հետո ասել է Դոնալդ Թրամփը:

Բրյուսելում հավատարմագրված մեկնաբանների փոխանցմամբ, որոշ դիվանագետներ դժգոհություն են հայտնել եվրոպացիների ու հատկապես գերմանացիների նկատմամբ Թրամփի կոշտ պահվածքի, «դու, Անգելա» ձևով Գերմանիայի կանցլեր Մերկելին դիմելու կապակցությամբ:

Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանրությանը հավաստիացրել է, որ արտառոց ոչ մի բան տեղի չի ունեցել:

«Ես այս շաբաթ ավելի վաղ ասել էի, որ բեռը կիսելու շուրջ անկեղծ քննարկում կլինի, և հենց դա տեղի ունեցավ: Այդպես է լինում բարեկամների և դաշնակիցների միջև: Մենք հասկանում ենք, որ Ամերիկայի այս նախագահը շատ լուրջ է պաշտպանական ծախսերի հարցում, և դա անպայման կունենա հստակ ազդեցություն», - ասել է Ստոլտենբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG