Մատչելիության հղումներ

Եվրոպական բանակցությունների շարքում Պուտինի հետ հանդիպումը կարող է ամենադյուրինը լինել. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ, Վաշինգտոն, 10-ը հուլիսի, 2018թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ, Վաշինգտոն, 10-ը հուլիսի, 2018թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է ամենադյուրինը լինել նրա եվրոպական բանակցությունների շարքում, մասնավորապես ավելի դյուրին, քան ՆԱՏՕ-ում բանակցությունները։

Թրամփը երեկ ժամանել է Բրյուսել, որտեղ այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի հիմնական թեմաներից է Ռուսաստանի ագրեսիան։

Բրյուսելից հուլիսի 13-ին Թրամփը մեկնելու է Լոնդոն, իսկ 16-ին Հելսինկիում հանդիպելու է իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես բանակցություններ եմ ունենալու ՆԱՏՕ-ում, Մեծ Բրիտանիայում և Պուտինի հետ, անկեղծ ասած, Պուտինի հետ բանակցությունները թերևս ամենահեշտը կարող են լինել, ո՞վ կարող էր մտածել», - Եվրոպա մեկնելիս երեկ ասել է ԱՄՆ նախագահը։

ՆԱՏՕ-ի մասին խոսելիս Թրամփը հերթական անգամ ընդգծել է, թե ՆԱՏՕ-ի վերաբերմունքը Միացյալ Նահանգների նկատմամբ արդար չէ, և պետք է ինչ-որ բան փոխել։ «Մենք չափից շատ ենք վճարում ՆԱՏՕ-ում, իսկ նրանք՝ քիչ», - ասել է ԱՄՆ նախագահը։

Հունիսին Կանադայում կայացած Մեծ յոթնյակի գագաթնաժողովին Թրամփի և արևմտյան մյուս պետությունների առաջնորդների միջև առկա տարաձայնությունների պատճառով չէր համաձայնեցվել վերջնական փաստաթուղթը։ Այս անգամ էլ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին եվրոպացի փորձագետները մտահոգություն են հայտնում, որ առկա տարաձայնությունները վտանգում են ՆԱՏՕ-ի ապագան։

Անդրադառնալով վերջին շրջանում ԱՄՆ նախագահի հայտարարություններին՝ Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը Թրամփին կոչ է արել գնահատել իր եվրոպական դաշնակիցներին։

Հուլիսի 16-ին կայանալիք Թրամփ-Պուտին գագաթնաժողովը լրագրողներն արդեն կոչել են պատմական, այն Թրամփ-Պուտին առաջին նման առանձին գագաթնաժողովն է լինելու, մինչ այդ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները հանդիպել են երկու անգամ, սակայն երկու անգամ էլ տարբեր գագաթնաժողովների շրջանակներում։

Այլ հարցերի թվում հանդիպման օրակարգում են նաև Ուկրաինան, Սիրիան, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Հանդիպումից լուրջ առաջընթաց վերլուծաբանները չեն ակնկալում, սակայն բոլորն էլ միակարծիք են, որ Մոսկվան կանի հնարավորը Թրամփի և իր արևմտյան գործընկերների միջև առկա տարաձայնությունների ֆոնին մաքսիմալ դիվիդենտներ ստանալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG