Մատչելիության հղումներ

Որոշ գազալցակայաններ ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, հարուցվել են քրգործեր. ՊԵԿ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի հանձնարարագրերի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող «Ավտոգազ» ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները «2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58 միլիոն 700 հազար, 14 միլիոն 900 հազար, 168 միլիոն 400 հազար, 79 միլիոն 400 հազար, 53 միլիոն, 25 միլիոն 700 հազար և 349 միլիոն 500 հազար դրամի չափով հարկ վճարելուց»: Այս մասին հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ հաղորդագրության, վերոգրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում և ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով) և 2-րդ մասերով (Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) նախատեսված հանցավոր արարքների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ և զննություններ:

«2018 թվականի հուլիսի 10-ին ՊԵԿ քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ խուզարկություններ են իրականացրել նշված ընկերություններին պատկանող գազալցակայաններում, որտեղից հայտնաբերել են քրեական գործերով պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներին վերաբերող հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, տեսաձայնագրող սարքեր և այլն», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG