Համբուրգում ընթացող Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը մի փոքր ուշացումով է սկսվել:
Հանդիպումը բացել է Դոնալդ Թրամփը: Նա հայտարարել է, որ ուրախ է հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ՝ հավելելով․ - «Հուսով ենք, որ բազմաթիվ դրական տեղաշարժեր կլինեն թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ ընդհանրապես բոլորի համար: Ինձ համար պատիվ է Ձեզ հանդիպելը»:
Պուտինը իր հերթին ասել է, որ ուրախ է Թրամփի հետ անձամբ ծանոթանալու համար և հավելել է․ - «Եթե մենք ուզում ենք քննարկել երկկողմ հարցեր և սուր, հրատապ միջազգային հարցեր, նման անձնական հանդիպումները անհրաժեշտ են: Հուսով եմ, որ հանդիպումը դրական արդյունքներ կտա»:
Հանդիպմանը մասնակցում են նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Միացյալ Նահանգների պետքարտուղարը և Ռուսաստանի արտգործնախարարը այսօր ավելի վաղ առանձին հանդիպում են ունեցել:
Պուտին - Թրամփ հանդիպումը չափազանց կարևորում են Մոսկվայում: Փորձագետները չեն բացառում, որ երկու պետությունների ղեկավարները գնան փոխզիջումների:
Այսօր ավելի վաղ միջազգային առևտրին նվիրված ընդհանուր քննարկմանը, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինի փոխանցմամբ, Պուտինը Թրամփին ասել էր, թե դժվար է խոսել միջազգային առևտրի մասին պատժամիջոցների առկայության պարագայում:
Փորձագետները կանխատեսում են նաև, որ ռուս-ամերիկյան բանակցությունների օրակարգում կենտրոնական կլինեն Սիրիային, Ուկրաինային և Հյուսիսային Կորեային վերաբերող հարցերը: