Մատչելիության հղումներ

Ուկրաինան պատրաստ է օգնության ձեռք մեկնել ՖԻՖԱ-ի կողմից պատժված խորվաթ մարզիկներին


Խորվաթիա - Զագրեբում տոնում են Ռուսաստանի հավաքականի նկատմամբ Խորվաթիայի ընտրանու հաղթանակը, 7-ը հուլիսի, 2018թ․
Խորվաթիա - Զագրեբում տոնում են Ռուսաստանի հավաքականի նկատմամբ Խորվաթիայի ընտրանու հաղթանակը, 7-ը հուլիսի, 2018թ․

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է աշխատանքի հրավիրել Խորվաթիայի հավաքականի արդեն նախկին մարզիչ Օգնեն Վուկոևիչին, ինչպես նաև նրա փոխարեն վճարել ՖԻՖԱ-ի կողմից սահմանված 15 հազար շվեյցարական ֆրանկ կազմող տուգանքը:

Վուկոևիչի դեմ կարգապահական տույժը կիրառվեց այն բանից հետո, երբ նա և Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դոմագոյ Վիդան Ռուսաստանի հետ հանդիպումից հետո Instagram-ում կարճ տեսահոլովակ տեղադրեցին, որում դժվարությամբ ձեռք բերված այդ հաղթանակը նվիրում էին ուկրաինացի երկրպագուներին և Կիևի «Դինամո»-ին․ նախկինում թե՛ Վուկոևիչը և թե՛ Վիդան հանդես էին եկել կիևյան ակումբի կազմում: «Փա՛ռք Ուկրաինային», - գոռում էր Վիդան, իսկ Վուկոևիչը նշում էր, թե այս հաղթանակը ձեռք բերվել հանուն Ուկրաինայի և Կիևի «Դինամո»-ի:

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն բավական արագորեն արձագանքեց այս տեսագրությանը` Վուկոևիչին զրկելով աշխարհի առաջնության հանդիպումներին ներկա գտնվելու հնարավորությունից, Վիդային էլ խիստ նկատողություն հայտարարելով:

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Պավելկոն, սակայն, պնդում է` իր ղեկավարած կառույցը խորվաթ մարզիկներին օգնության ձեռք կմեկնի:

«Մեր մոտեցումը շատ հստակ է` հարկավոր է աջակցություն հայտնել մեր բարեկամներին: Մենք թե՛ Վիդային և թե՛ Վուկոևիչին իրավաբանական ու ֆինանսական օժանդակություն ենք առաջարկել: Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը նաև որոշել է վճարել Վուկոևիչի համար սահմանված տուգանքը: Բացի այդ, նա ցանկության դեպքում կարող է աշխատանքի անցնել Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայում», - հայտարարում էր Պավելկոն, որն, ի դեպ, երեկ խորհրդարան էր եկել Խորվաթիայի հավաքականի մարզաշապիկով:

Գերագույն ռադայի մեկ այլ պատգամավորի` Նիկոլայ Կնյաժիցկու համոզմամբ էլ, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի խիստ մոտեցումը այդ կառույցի ռուսամետության մասին է վկայում:

«Ես ՖԻՖԱ-ի այս դիրքորոշումը միանշանակորեն որպես քաղաքական կողմնապահության դրսևորում եմ ընկալում: Երբ ողջ համացանցը ողողված է ՖԻՖԱ-ի ղեկավարի լուսանկարով, որում նա Ռուսաստանի նախագահի, մեր երկրի դեմ ագրեսիա նախաձեռնած պետության ղեկավարի անվամբ մարզաշապիկով է պատկերված, դա չի ընկալվում որպես քաղաքական քայլ: Բայց երբ երկար տարիներ մեր ակումբներում հանդես եկած և մեր երկրում բազմաթիվ ընկերներ ունեցող ֆուտբոլիստները օգտագործում են Ուկրաինայում լայնորեն տարածված դիմելաձև, պարզվում է, որ դա քաղաքական ենթատեքստ ունի: Նման մոտեցումը անարդարացի է և կողմնակալ», - նշում էր ուկրաինացի պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG