Մատչելիության հղումներ

Զանգվածային հերթական զտումներ թուրքական պետական համակարգում


Պաշտոնական Անկարան հավաստիացնում՝ սա վերջինն է։

Էրդողանի վարչակազմը երկրում արտակարգ դրությունը չեղարկելուց առաջ պետական համակարգում հերթական զանգվածային զտումն է նախաձեռնել։ Պաշտոնական Անկարան, սակայն, հավաստիացնում՝ սա վերջինն է:

Թուրքիայի իշխանությունները պաշտոնանկ են արել տարբեր գերատեսչությունների և նախարարությունների ավելի քան 18 հազար պետական ծառայողների՝ «ազգային անվտանգության դեմ գործունեություն ծավալելու» և ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու կասկածանքով։ Այս մասին հայտնում են թուրքական պետական աղբյուրները:

Թե կոնկրետ որ կազմակերպությունների հետ են համագործակցում այդ անձինք, չի հաղորդվում:

Պետական հրամանագրի համաձայն, հուլիսի 8-ից փակվել են երկրով մեկ գործող 12 միություններ, 3 թերթ և հեռուստաընկերություն: Աշխատանքից հեռացված պետական ծառայողների մեծ մասը՝ շուրջ 9 հազար հոգի, Անվտանգության գլխավոր վարչությունից են:

Գործազուրկ են դարձել գիտական հաստատությունների 199 աշխատակիցներ, թուրքական բանակի ցամաքային, օդային և ծովային ուժերի հարյուրավոր ծառայողներ:

Հեռացվածները զրկվում են պետական ծառայողների արտոնություններից, նրանց արգելվում է աշխատել պետական կառույցներում:

Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ սա պետական համակարգում վերջին զտումն է, այսօր ակնկալվող շուրջ երկու տարի տևած արտակարգ դրության չեղարկումից առաջ:

Երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել 2016 թվականի ամռանը՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ նախ երեք ամսով, սակայն հետագայում այն երկարաձգվել էր անհսահման ժամկետով:

Ռեջեփ Էրդողանի ընդդիմախոսները պնդում են, որ երկրում սահմանված արտակարգ դրությունն օգտագործելով Թուրքիայի ղեկավարը հնարավորություն ստացավ հազարավոր մարդկանց, այդ թվում՝ իր քաղաքական հակառակորդներին ձերբակալել ու շատ դեպքերում առանց մեղադրանքների բանտարկել:

Չնայած կոշտ քննադատությանը, Թուրքիայի իշխանությունները նաև կասեցրել են մարդու իրավունքների հարցերով եվրոպական կոնվենցիան, որպեսզի հնարավորություն ունենան «արագ արձագանքել ահաբեկչական կազմակերպությունների գործողություններին»:

Այդպիսով՝ վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիան չեղարկել է ավելի քան 11 հազար մարդու անձնագիր, հազարավոր լրագրողներ, ուսուցիչներ, պետական ծառայողներ ձերբակալվել կամ ազատազրկման են դատապարտվել, ինչպես թուրքական իշխանություններն են պնդում, երկրում պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապեր ունենալու համար:

2016 թվականի հուլիսի 16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հենց հաջորդ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը հայտարարեց, թե տեղի ունեցածի հետևում կանգնած է իսլամական քարոզիչ, 1999 թվականից Միացյալ Նահանգներում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը: Վերջինս կտրականապես հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG